ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«ՀՀ-ում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա». վարչապետ
11:00, 29.11.2023 | mamul.am
1503 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը:

Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր:

Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ:

Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում:

Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա: Եվ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին հետևել կամ չհետևել, վստահել կամ չվստահել:

Հաճույքով եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն աջակցում է հանրային այդ կարևորագույն ռեսուրսի զարգացմանը:

2018-2022 թվականների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում: Մի շարք միջազգային գործընկերներ ակտիվորեն աջակցում են Հանրային հեռուստատեսության հետագա զարգացմանը և Կառավարությունը շնորհակալությամբ քաջալերում է նրանց այդ ջանքերը:

Հեռուստատեսության հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում հեռուստատեսությունն այլ ավանդական լրատվամիջոցների շարքում դժվար ժամանակներ է ապրում: Բայց հեռուստատեսության էությունը տեխնիկական միջոցները չեն միայն, այլև ստեղծագործական տաղանդը, հարգանքը և սերը լսարանի նկատմամբ և առաքելության խորը գիտակցումը: Համոզված եմ՝ այս սկզբունքներով առաջնորդվողները միշտ սպասված են և կապ չունի՝ հեռուստացույցի՞, համակարգչի՞, թե սմարթֆոնի էկրանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր