ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Բերդ-ամրոցների հետ մեկտեղ` որպես պաշտպանական կառույցներ, հանդես էին գալիս նաև վանքերը». Տիգրան Ալեքսանյան
03:18, 30.11.2023 | mamul.am
1247 | 0

Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերդի տարածաշրջանի ամրաշինական համակարգի պատմությունից. մաս 3:
Հետաքրքիր է, որ միջնադարյան Հայաստանում բերդ-ամրոցների հետ մեկտեղ որպես պաշտպանական կառույցներ հանդես էին գալիս նաև վանքերը: Դրանք շրջափակվում էին ամուր շրջապարիսպներով, որոնք ոչնչով չէին տարբերվում միջնադարյան բերդերից և կառուցվում էին նույն սկզբունքով` բարձր և անմատչելի պատեր, զուգորդված բոլորաձև աշտարակներով: Պաշտպանական համակարգում եկեղեցական և ամրաշինական կառույցների զուգակցումը միջնադարյան Հայաստանում լայն տարածում ուներ, որոնք ձևավորեցին երկկենտրոն պաշտպանական համակարգեր` բաղկացած բերդից և վանքից: Պատմիչ Մխիթար Այրիվանեցու վկայությամբ, տարածաշրջան ներխուժած մոնղոլները գրավում և ավերում էին ոչ միայն բերդերը, այլև ամրացված եկեղեցական կառույցները (վանքերը). «Քակեցին (այսինքն` քանդեցին) զամենայն բերդս և զամենայն ամուր եկեղեցիս զՀայոց, զՎրաց և զԱղուանից»:
Դատելով վանք-ամրոցների տեղագրական պատկերից` հստակ է, որ դրանցից շատերը կառուցվել են բերդերի տեսադաշտում: Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրոցների դեպքում այս երևույթն ակնհայտ է Նոր-բերդ-Վարագավանք և Երգեվանք բերդ-Խորնաշատի վանք օրինակներում: Դա ակնառու է նաև Կիրակոս Գանձակեցու հաղորդումներից, ըստ որի Նոր-բերդը եղել է Վարագավանքի մոտ, իսկ Երգեվանք բերդը` Խորանաշատի վանքի դիմաց:
Լուսանկարում` 1. Նոր-բերդը և Վարագավանքը
2. Խորանաշատի վանքը և նրա շրջապարիսպները (լուս. Կ. Ղաֆադարյանի, 1935թ.):

https://www.facebook.com/photo/?fbid=8360031867343583&set=pcb.8360032957343474 Վարագավանք
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր