ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+11 °C
Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
14:48, 30.11.2023 | mamul.am
2059 | 0

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն-ից, Հ.Ս-ից, Մ.Ա-ից, Մ.Ծ-ից, Ս.Ա-ից, Վ.Մ-ից և Ն.Պ-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր