ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Հնդիկ տղայի վրա հարձակված «հայրենասեր» երիտասարդները պետք է կանգնեն դատարանի առաջ». Ռոբերտ Անանյան
02:06, 02.12.2023 | mamul.am
12269 | 5

Լրագրող Ռոբերտ Անանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, հետևյալ գրառումն է կատարել. «Եթե Հայաստանում ***իզմը տեղ չունի, հնդիկ տղայի վրա հարձակված «ազգային», «հայրենասեր» երիտասարդները պետք է կանգնեն դատարանի առաջ։ Բանակասիրության կամ զինվորասիրության անվան տակ թաքնված ֆաշիզմը ևս ֆաշիզմ է։ Այն պետք է դատապարտվի իրավական իմաստով։
Հիտլերն էլ գերմանական ազգի բացառիկությամբ էր տառապում։ Եթե հնդիկ քաղաքացու դեմ հարձակման բռնարարները չպատժվեն, ուրեմն Հայաստանի հասարակության մեջ ֆաշիզմը ունի տեղ, և Հայաստանի կառավարությունը խրախուսում է՝ անպատիժ թողնելով, աչք փակելով։
Հայաստանի Սահմանադրությունն արգելում է անձին խտրականության, նվաստացնող վերաբերմունքի արժանացնել։
Հոդված 29-ը սահմանում է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը սահմանվում է 25-րդ հոդվածով։
Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը սահմանված է 26-րդ հոդվածով։
Ի վերջո, Հոդված 3-ը հրաշալի երեք կետ ունի.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Կտեսնենք, արդյո՞ք այս հոդվածները ունեն նշանակություն Հայաստանի կառավարության, իրավապահ մարմինների համար, թե ոչ։ Իսկ իրավապաշտպան ՀԿ-ները պետք է պաշտպանության տակ առնեն այս տղային և աջակցեն իրավական գործընթացներում»:

Աղբյուրը` Ռոբերտ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր