ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
15:00, 02.12.2023 | mamul.am
2884 | 0

Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ Չինաստանում երեխաների շրջանում գրանցվել է շնչառական հիվանդությունների և թոքաբորբի աճ: Չինաստանի իշխանություններն այս աճը բացատրել են COVID-19-ի սահմանափակումների վերացմամբ և այլ վիրուսային և մանրէային հարուցիչների շրջանառությամբ, ինչպիսիք են գրիպը, mycoplasma pneumoniae (ընդհանուր բակտերիալ վարակ, որը սովորաբար ազդում է փոքր երեխաների վրա), շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV) և SARS-CoV-2 (վիրուս, որն առաջացնում է COVID-19):

Օրական մշտադիտարկման արդյունքում, վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետությունում ևս նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ։ Աճ է գրանցվել նաև վերակենդանացման բաժանմունքեր հոսպիտալացումների։

Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ A տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչ։ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպ B և գրիպ А տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչները։

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք՝

պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,

խուսափե՛ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե՛ք եղանակին համահունչ,

պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները,

հետևե՛ք անձնական հիգիենային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր