ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«Այստեղ է եղել, ու շարունակում լինել մեր քայքայումների գլխավոր օջախը». Հակոբ Բադալյան
00:18, 04.12.2023 | mamul.am
3376 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարցը 160 հազար դրամը չէ, թանկացումը չէ, հարցը մտածողությունն է, կառավարման փիլիսոփայությունը, վերջապես՝ քաղաքական իշխանության իրացման բարոյականությունը:
Այո իհարկե, շատ շատերի համար բարոյականությունը թե քաղաքական, թե առավել ևս իշխանական կեղծ կատեգորիա է, իսկ մարդիկ էլ կան՝ դե ընդհանրապես մարդկային կեղծ կատեգորիա կհամարեն բարոյականությունը:
Բայց, իմ սուբյեկտիվ, բայց խորին համոզմամբ, անբարոյությունը հասարակական հարաբերությունների բնական և օրինաչափ ուղեկից է դառնում հենց դրա՝ ոլորտ առ ոլորտ կեղծ կատեգորիա հռչակվելու հետևանքով: Եվ բարոյականությունն ամենևին չափելի չէ «մարմնական» դրսևորումներով, ինչպես ընդունված է չափել մեզնում:
Հարց կառաջանա, թե ի՞նչն է այդ դեպքում: Կրկնեմ, իմ սուբյեկտիվ, շատերի համար գուցե միանգամայն հիմնավոր կերպով վիճելի գնահատմամբ, բարոյականությունը, և առավել ևս քաղաքական իշխանության իրացման բարոյականությունը, շրջապատը, միջավայրը, դիմացինին ընկալելու անկեղծ ջանքն է:
Ըստ իս, հենց դրան պատրաստ և կարող լինելն է որևէ էլիտայի առանցքային բնորոշիչներից, և արժանիքներից մեկը: Եվ հենց այդ արժանիքն է, որ մարդու մեջ բնականորեն արգելակում է քաղաքական պրիմիտիվիզմն ու դրա մետաստազները, մշակութաբանական մակարդակում «խեղդելով» մանր շուստրիության, գավառական պոպուլիզմի, քաղաքական գրպանահատության և այլ «գայթակղությունները»:
Առավել ևս Հայաստանի ճակատագիրն ունեցող երկրների համար, որոնք ստիպված են անկախ պետականություն կառուցել արդեն իսկ հսկայական կայացածություն ունեցող միջազգային հարաբերությունների կոշտ ու դաժան սուբյեկտային միջավայրում, քաղաքական իշխանության իրացման բարոյականության աստիճանը հիմնարար նշանակություն ունի պետականության առողջության համար: Այստեղ է եղել, ու շարունակում լինել մեր քայքայումների գլխավոր օջախը»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր