ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Թիլ ավանում էր անհիշելի ժամանակներից կառուցված Նանեի գլխավոր մեհյանը». Խաժակ Սիրեկանյան
03:06, 04.12.2023 | mamul.am
2561 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն որոշ պատմական տվյալների, Եկեղյաց Թիլ ավանում է ամփոփվել Հայոց հզորագույն արքաներից մեկի՝ ՊԱՊ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ աճյունը։
Թիլ ավանը հիմնադրվել է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց (Անահտական) գավառում, Երիզա (Երզնկա) ավանից 8 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատի աջ ափին, Սեպուհ լեռան փեշերին։ Հայաստանի հնագույն բնակավայրերից է։
Այստեղ անհիշելի ժամանակներից կառուցված էր Արամազդի դուստր Նանեի (ռազմի դիցուհի, ընտանիքի պահապանը, իմաստնության և ողջախոհության աստվածուհի) գլխավոր մեհյանը՝ Նանեական դիք անունով։
Չորրորդ դարում այն կործանվել է, սակայն Թիլ ավանն իր կրոնական կենտրոնի դերը շարունակել է պահպանել։
Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնել է Կաթողիկե եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է Ներսես Ա Մեծի հայրապետության (353-373) օրերում։ Դ դարում Թիլը դարձել է Հայոց հայրապետների նստավայրը, ուր փոխնեփոխ իրար են հաջորդել 15 հայրապետներ։
Կաթողիկե եկեղեցին կործանվեց 650-ականներին՝ արաբական արշավանքների ժամանակ։ Այն այլևս չվերականգնվեց և երկար ժամանակ հայտնի էր Հանգած Եկեղեցի անունով։ Ավելի ուշ կառուցվեց Թիլ վանքը։
1915-ին գյուղը գրեթե ամբողջությամբ թրքաբնակ էր, ուր ապրում էր շուրջ 200 թուրք ընտանիք՝ ավելի քան 2000 շունչ։ Վերջին հայերը Թիլը լքել էին 1896-ին՝ աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ։
Արևմտյան Հայաստանում եղել են Թիլ անունով ևս տասը բնակավայր՝ բոլորը հայաբնակ։
Ըստ հայ պատմիչներ Ստեփանոս Ասողիկի և Սամուել Անեցու՝ Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Թիլ ավանում է ծնվել Բյուզանդիայի Հայկական հարստության հիմնադիր կայսր Բարսեղ Ա-ն (Վասիլ Ա)՝ 867-886։
Այս բնակավայրը գտնվում էր Մուշից 23կմ արևելք։ 1915-ի սկզբին ուներ 70 տուն հայ բնակիչ, շուրջ 500 մարդ»:
Ավանում են թաղվել Արիստակես Ա, Ներսես Մեծ կաթողիկոսները։
Ներսես Մեծի աճյունը 1273 թվականին տեղափոխվել է Երիզա քաղաքի Տիրաշեն վանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր