ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+9 °C
Ո՞վ է պաշտպանելու Ադրբեջանում հայերի իրավունքները, հատկապես, եթե նրանք բանտում են. #BBC
22:48, 05.12.2023 | mamul.am
3232 | 1

Ադրբեջանական բանտերում գտնվում են տասնյակ հայեր, որոնց ձերբակալել կամ գերեվարել են 2020 թվականի պատերազմից հետո: Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին, ինչի՞ց է կախված նրանց վերադարձը։ Այս և այլ հարցերի անդրադարձել է BBC-ն:

«Հայրս, ինչպես բոլորը, անձնագրային հսկողություն էր անցնում: Նրա անձնագիր վերցրին ստուգման համար, ապա հայտնեցին, որ պետք է հարցազրույց վերցնեն, քանի որ մի քանի հարց ունեն»,- հիշում է արցախցի փախստական Ծովինար Խաչատրյանը:

2023 թվականի հուլիսին մի երիտասարդ կին Ղարաբաղից Հայաստան ճանապարհին ուղեկցում էր հորը՝ Վագիֆ Խաչատրյանին։ Այդ պահին հայաբնակ Ղարաբաղը փաստացի շրջափակված էր Ադրբեջանի կողմից, և Հայաստանին կապող միակ ճանապարհին գտնվում էր ադրբեջանական անցակետը, որով անցնում էին միայն բուժման գնացող հիվանդները: Վագիֆ Խաչատրյանն այդ պահին սրտի վիրահատության համար Ղարաբաղից Հայաստան էր տեղափոխվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության մեքենայով:

Թե քանի հայ կա ադրբեջանական բանտերում, հստակ հայտնի չէ։
Նրանց թվում կան զինվորականներ (ադրբեջանական ԶԼՄ-ներում նրանց հաճախ ահաբեկիչներ են անվանում), քաղաքացիական անձինք, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտել է նախկին նախագահների ձերբակալությունը:

Ձերբակալված արցախահայ քաղաքական գործիչների խմբում առանձնանում է Ռուբեն Վարդանյանը՝ ռուսաստանցի խոշոր գործարար, որը միայն անցյալ տարի էր եկել Ղարաբաղ, որտեղ մի քանի ամսով դարձել էր պետական նախարար: Նրան և չճանաչված ԼՂՀ նախկին ղեկավարներին ձերբակալել էին այս տարվա սեպտեմբերին՝ Ղարաբաղից հայերի զանգվածային արտաքսման ժամանակ:

Վարդանյանի ձերբակալության կադրերը հատկապես տարածում գտան սոցցանցում: Տեսանյութում երևում էր, որ 55-ամյա Վարդանյանին կռացած և ինչպես առանձնապես վտանգավոր հանցագործի տանում են պետական անվտանգության ծառայության շենքի միջանցքով:

Սովորական բնակիչներից՝ Վագիֆ Խաչատրյանից բացի, բանտերում են գտնվում նաև երկու տարեցներ: Նրանք մեղադրվում են 1992 թվականին «Ղարաբաղում ադրբեջանական Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների սպանությանը մասնակցելու մեջ»:

BBC-ի հարցին, թե որքան հայ է պահվում Ադրբեջանում, չեն պատասխանել ո´չ երկրի գլխավոր դատախազությունից, ո´չ արտաքին գործերի նախարարությունից:

Հայաստանի ԱԳՆ-ը և օմբուդսմենը նույնպես չեն պատասխանել պարբերականի հարցերին:

Ադրբեջանում ձերբակալված հայերի իրավունքները կարող են պաշտպանել տեղի իրավապաշտպանները, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:

Ադրբեջանցի իրավապաշտպանները, որոնք սովորաբար պատրաստ են պաշտպանել համաքաղաքացիների իրավունքները, կարծես թե փորձում են չմիջամտել հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին:
Իրավապաշտպան Էլդար Զեյնալովն ասում է, որ այդ կալանավորների նկատմամբ իր վերաբերմունքը չեզոք է:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի իրավապաշտպաններին այսօր հայերի պաշտպանությամբ զբաղվելուն խանգարում է բուն գործընթացի քաղաքականացված լինելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր