ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից
09:30, 07.12.2023 | mamul.am
3911 | 0

«Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, և հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։
Նա ասել էր, որ Փաշինյանին նախ խնդրել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և այդ ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երկրորդ անգամ՝ Արցախի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը։ Բաբայանին հարցաքննելու մասին տեղեկությունը հաստատել էին նաև Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը։

Չնայած այս անձանց պնդումներին, Սամվել Բաբայանը համառորեն հերքում էր՝ իրեն չեն հարցաքննել։ «Արցախի դատախազությունում ինձ չեն հարցաքննել, կան մարդիկ, որոնք ուզում են «փիառիստ» լինեն, ասում են, թե ինձ հարցաքննել են»,- ակնարկելով Գուրգեն Ներսիսյանին՝ մեզ հետ զրույցում ասել էր Բաբայանը։ 6 օր առաջ էլ Բաբայանի գրասենյակը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում ասված էր․ «ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։ Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում»։ Սակայն այդ երկրորդ գործը հենց նույն գործն է, որի մասին մենք այդքան գրում էինք: Պատերազմի հետ կապված հանգամանքների առումով Բաբայանը հարցաքննվել է հենց սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակներում։

Ներկայացնում ենք Բաբայանի ցուցմունքից մի հատված, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանում և Արցախում զորահավաքի կազմակերպմանը և Գյանջայի օդանավակայանի հրթիռակոծմանը։

Քննիչ․ «Ինչպե՞ս կգնահատեք պատերազմի օրերին Հայաստանում և Արցախում զորահավաքի կազմակերպման ընթացքը, արդյո՞ք այն բավարար էր, թե ոչ, եթե ոչ, ապա, ըստ Ձեզ, ո՞րն էր թերացումների պատճառը»։

Սամվել Բաբայան․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների և տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին և ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են Արցախում, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք թերի են կատարել իրենց պարտականությունները»։

Հ.Գ․ Սամվել Բաբայանի ցուցմունքը շատ ուշագրավ դրվագներ է պարունակում, առաջիկայում դրանցից որոշ հատվածներ կներկայացնենք ձեզ»,- գրում է թերթը:

Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից
Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր