ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Սպիտակի երկրաշարժի դասերից». Նիկոլայ Գրիգորյան
15:00, 07.12.2023 | mamul.am
1437 | 0

Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հազարավոր վերլուծականներ են գրվել Սպիտակի երկրաշարժի մասին, մի քանիսն էլ ես եմ հեղինակել: Բայց հիմա՝ հիմնական դասերը:
1. Սովետմիությունում սխալ էր գնահատված սեյսմիկ վտանգը: Բոլոր շենքերը` Մերձբալթիկայում, Մոսկվայում, Կամչատկայում, Անդրկովկասում կառուցում էին նույն սեյսմակայունությամբ, ամենաշատը` յոթ-ութ բալի համար, հաշվի չառնելով, որ հնարավոր են մինչև 11 բալ ուժգնության երկրաշարժեր: Միայն շատ նեղ մասնագետներին էր հասու այդ տեղեկատվությունը: /Մենք չգիտեինք, որ հողը կարող է շարժվել, ու շենքերը կարող են փլվել: Մենք չգիտեինք` ինչ է սեյսմիկ վտանգը և ինչ է սեյսմիկ ռիսկը:
2. Ամբողջ սովետով մեկ մեծ զարկ էր տրվել մասնավոր շինարարությանը` առանձնատներ ու ամառանոցներ, իսկ շինանյութերը միայն պետական էին: Բոլորն աչք էին փակում, և պրորաբներն աջ ու ձախ վաճառում էին պետական շենքերի շինարարության համար նախատեսված քարն ու փայտը, ցեմենտն ու արմատուրան: Շատ շենքեր քանդվեցին հենց անորակության պատճառով: /Մենք չգիտեինք, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ մասսայական գողությունների վրա աչք փակելը: Անորակ շինարարությունը դեռ մահվան սպառնալիք չէր/:
3. Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները` կցակառույցները, միջնապատեր քանդելը, նկուղներ փորելը, տանիքները ավելացները և այլն: /Մենք գիտեինք, թե փոփոխությունների թույլտվությունը չինովնիկների քմահաճույքն է ու անաշխատ եկամտի ձեռքբերման պարարտ դաշտը: Մենք չգիտեինք, թե ինչքան թույլ ու խոցելի ենք դարձնում մեր բնակատեղիները, աշխատավայրերը, մեր երեխաների դպրոցներն ու մանկապարտեզները: Այս տեղեկությունը հույժ կարևոր ու արդիական է նաև այսօր, որովհետև համատարած շարունակվում են ինքնակամ փոփոխությունները/:
4. Սովետական Միությունում չկար աղետների կառավարման համակարգ: Կար քաղպաշտպանությունը, որի պլանները, ցավոք, միայն թղթի վրա էին: Այն նախատեսված էր հակառակորդի միջուկային հարձակումը դիմագրավելու համար, և վերակազմավորումը շատ դանդաղ ու մահու չափ ցավագին էր: Հավաքվեց երկրի ամենաբարձր ղեկավարությունը, հավաքվեցին իրար գլխի ու սկսեցին սովորել կառավարել աղետի հետևանքների վերացման բարդ գործընթացը: Ասենք` միայն յոթ օր անց իմացան, որ բացի քաղաքներից, հիմնովին ավերվել է նաև 57 գյուղ, և նրանք հրատապ օգնության կարիք ունեն: /Մենք չգիտեինք,որ հնարավոր են մեծ աղետներ, և չգիտեինք` ինչպես կարելի է դրանք կանխել, հետևանքները նվազեցնել կամ մեղմել, մենք չգիտեինք, որ աշխարհում կա աղետների ռիսկի կառավարման համակարգ/:
5. Չկար աղետ, չկար աղետների ռիսկի կառավարման համակարգ, չկային նաև փրկարարներ: Ունեինք, ասենք` ջրափրկարարներ, լեռնափրկարարներ, բայց ընդհանուր պրոֆիլի փրկարարներ չունեինք: Ավելորդ է խոսել փրկարարական գույքի ու սարքավորումների մասին: Երրորդ օրից հետո միայն սկսեցին ժամանել փրկարարներ աշխարհի բոլոր կողմերից`իրենց սարքավորումներով ու շներով: Հազարավոր մարդկանց կյանք հնարավոր կլիներ փրկել, եթե արձագանքն օպերատիվ ու պրոֆեսիոնալ լիներ: Փրկարարներն ունեն ոսկյա 72 ժամ հասկացողություն, որից հետո զոհերի թիվն սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Պատկերացրեք արտասահմանցի փրկարարների զարմանքը, երբ մի քանի ժամով ամբողջ Լենինականով մեկ դադարեցվեցին որոնողափրկարարական աշխատանքները, որովհետև… Գորբաչովն էր գալիս: Սպիտակի երկրաշարժից հետո օգնության եկած արտասահմանցի մի քանի փրկարարների առաջարկով ստեղծվեց ԻՆՍԱՌԱԳ կազմակերպությունը, որի խնդիրը միջազգային բարձր ստանդարտներով, նույնատիպ տեխնիկայով հագեցված և նույն սկզբունքներով առաջնորդվող փրկարարական խմբերի ստեղծումն էր ամբողջ աշխարհում, ովքեր խոշոր երկրաշարժերի ժամանակ կարող են համագործակցված ու արդյունավետ աշխատել: /Չգիտեինք, որ նման մասնագիտություն կա` փրկարար, որ նա հատուկ գործիքներ ունի, շուն ունի, չգիտեինք, ինչ է նշանակում որոնողափրկարարական աշխատանք, ինչպես փնտրել մարդկանց, ինչպես հանել փլատակից/:
6. Ճիշտ է` փրկարարներ չունեինք, բայց դե գլուխ գովալու բժշկություն ունեինք, հերոս բժիշկներ: Պարզվեց, որ էս սովետմիությունում աղետների բժշկություն չկա, որ շատ բժիշկներ նույնիսկ առաջին օգնություն ցույց տալու հմտություն չունեն, ճմլման` Կրաշ, սինդրոմից գաղափար չունեն, չգիտեն` որ տրավմայի դեպքում տուժածին ինչպես տեղափոխել, հիվանդանոցներն արհեստական երիկամներ չունեն: մի քանի իրադարձություններ վերջին տարիներին եկան շեշտելու ճիշտ ու գրագետ առաջին օգնության արդիականությունն ու անհրաժեշտությունը նաև այսօր:/ Ոչ ոք, նույնիսկ բժիշկների մեծ մասը, առաջին օգնություն ցուցաբերել չգիտեր: Լսել էինք սոված մնալու, անջուր դիմանալու, կորով ու կամք դրսևորելու կամ խուճապ հաղթահարելու մասին, բայց չգիտեինք` ինչպես դա անել/:
7. Ամբողջ հանրապետությունը նետվել էր աղետի գոտի. Մարդիկ բահերով, քլունգներով, շերեփներով, կաթսայի կապարիչներով, մատներով փորում ու քանդում էին քարն ու բետոնը, արցունքներով տաքացնելով սառած գետինը: Վերամբարձ կռունկ չկար, մղան չկար, տրակտոր չկար: Ամբողջ հանրապետությունից ծանր տեխնիկան սկսեց շարժվել աղետի գոտի, բայց ճանապարհներն արդեն խցանված էին անձնական մեքենաներով, որովհետև ամենաբարձր ղեկավարներից մեկը հեռուստատեսությամբ ասել էր` ով ինչով կարող է, հասեք: Երրորդ օրից հետո միայն սահմանվեց պարետային ժամ: Որոնողափրկարարական աշխատանքները տապալած ղեկավարությունը չէր էլ պատկերացնում իր հաջորդ քայլերը, այդ իսկ պատճառով ձգձգվեցին նաև վթարավերականգնողական ու կենսապահովման աշխատանքները: Մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ տասնյակ հազարավոր զոհերին թաղել է պետք, ու մեծ քանակությամբ դագաղներ անհրաժեշտ կլինեն: /Ով գիտեր, թե ինչ է նշանակում` որոնողափրկարարական, վթարավերականգնողական, վերականգնման կամ վերակառուցման աշխատանքներ/:
8. Սովետական անծայրածիր երկրի բնակիչները` ամենաբարձր ղեկավարներից մինչև մանկապարտեզի սաներ, դպրոցականներ, ուսանողներ, ամենանեղ մասնագետներ ու բանվոր-գյուղացիներ, չգիտեին ինչպես պահել իրենց երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո, էլ չեմ խոսում մինչև երկրաշարժը գործողությունների, այսինքն` նախապատրաստվելու մասին: /Մենք մեր հեռուստատեսությունում անմեղ ծիծաղում էինք փախչողների վրա, իսկ աղետի գոտում`Լենինականում, Կիրովականում, Սպիտակում, շատ գյուղերում, ուսուցիչներն ու դասախոսներն արգելում էին երեխաներին շենքից դուրս գալ`նույնիսկ փակելով դռները: Սովետական դպրոցների ցածր դասարաններում կարգ ու կանոնը ընդգծելու համար, երեխաները նստարանին նստում էին ձեռքերը հետևները դրած: Քանի-քանի դպրոց, պանելները վրայից վերցնելուց հետո, գտել են երեխաներին իրենց նստարաններին նստած`ձեռքները հետև տարած: Դասարան ու լսարան կար, որտեղ երեխաները պանելներից չէին վնասվել, բայց նրանց ոչ միայն տարհանվել չէին սովորացրել, այլև` ոչ մեկը չէր ասել, որ փլուզման ժամանակ փոշի է բարձրանում, ու մարդիկ խեղդվում են, եթե շորի կտորով կամ թաշկինակով չեն ծածկում իրենց քիթն ու բերանը: Հարյուրավոր մարդիկ, նաև այլազգի, եղբայրական գերեզմանների նման տեսարաններից հետո կորցրեցին իրենց հոգեկան հավասարակշռությունը, եղան նաև ինքնասպանության դեպքեր: /Բարոյահոգեբանական պատրաստվածությունն էլ առանձին խնդիր էր, որ դարձյալ գալիս էր իրազեկության պակասից: Մարդիկ չգիտեին, չէին պատկերացնում իրենց հնարավորությունները, անտեսում էին տոկունությունը, կամքն ու կորովը և փլատակներում անվնաս մեռնում էին… վախից ու խուճապից:/
9. Չկար, չգիտեինք, չէին տեղեկացրել, տեղեկացնողը չկար, տեղեկացնելիք նյութն ապրանքային տեսքով չկար, մենք տեղյակ չէինք` արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի նվազեցման հանրային իրազեկում չկար, անվտանգության մշակույթի դաստիարակման նշույլ չկար: Մի բան հստակ կար, որ համաղետի պատճառ դարձավ` դա չ-երի առատությունն էր:
10. Հիմա արդեն մենք գիտենք, թե մեծ աղետներից հետո ինչքան կարևոր է կենսապահովման նորմալ պայմանների ստեղծումը, երեխաների կրթության շարունակականության ապահովումը, հոգեբանական աջակցությունն ու աշխատատեղերի ստեղծումը, քաղաքային կոլորիտի ու մշակույթի պահպանումը, հողին հավասարեցված քաղաքի վերականգնման տեղի ընտրությունը, արտագաղթի կանխարգելումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր