ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ իշխանությունների ևս մեկ ապօրինություն Եվրոպան ներեց. «Հրապարակ»
09:18, 08.12.2023 | mamul.am
2851 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Եվրոպական կառույցները հերթական անգամ աչք են փակում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վրա։ Երեկ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հպարտորեն հայտարարություն տարածեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի անդամների դիմումը։ Խոսքը 2019-20 թվականներին ապօրինաբար պաշտոններից հեռացրին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Հրանտ Նազարյանին, իսկ Հրայր Թովմասյանին հեռացրին ՍԴ նախագահի պաշտոնից, վերջիններս դիմել էին ՄԻԵԴ, որն անընդունելի է համարել ՍԴ անդամների դիմումները։
«Մասնավորապես, արդար դատաքննության իրավունքի մասով Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուների պաշտոնավարումը դադարեցվել է սահմանադրական բարեփոխման արդյունքում, ինչի առումով արձանագրել է, որ պետություններն ազատ են դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, որը, սակայն, չպետք է հանգեցնի դատական իշխանության անկախության խարխլմանը: Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուները չեն բերել համոզիչ փաստարկ առ այն, որ իրականացված սահմանադրական փոփոխությունները թիրախավորել են հենց իրենց: Դատարանը նաև նշել է, որ եթե 2020թ. փոփոխությունները չկատարվեին, 2015թ․ սահմանադրական բարեփոխումների լիարժեք իմպլեմենտացիան չափազանց կձգձգվեր:
Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ դիմումատուները եղել են ՍԴ դատավորներ, որոնց պաշտոնավարումը դադարեցվել է Սահմանադրության փոփոխության արդյունքում, ինչն ուղղված չի եղել հատուկ նրանց դեմ՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը եղել է իրավաչափ: Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի մասով Եվրադատարանն արձանագրել է, որ հիմնավորված չէ այն, որ դիմումատուների անձնական կյանքը կամ մասնագիտական հարաբերությունները կրել են որևէ էական բացասական հետևանք: Ավելին, չորրորդ դիմումատուն (Հ. Թովմասյանը) շարունակել է պաշտոնավարել, իսկ մյուս դիմումատուներին տրամադրվել է լիարժեք կենսաթոշակ՝ անկախ նրանց տարիքից: Ուստի, դիմումատուների պահանջներն այս առումով չեն հասել այն նվազագույն շեմին, որը թույլ կտար նրանց պաշտպանվել 8-րդ հոդվածի կողմից: Հետևաբար, այս մասով ևս գանգատը ճանաչվել է անընդունելի՝ ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Նույն տրամաբանությամբ՝ անընդունելի են ճանաչվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված 14-րդ և 18-րդ հոդվածի լույսի ներքո ներկայացված պահանջները:

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքին՝ Դատարանն արձանագրել է, որ այդ մասով ևս գանգատն անընդունելի է այն հիմքով, որ ապագա եկամուտը չի կարող հանդիսանալ «սեփականություն», քանի դեռ դիմումատուն այն արդեն իսկ չի վաստակել»,- ասված է Եղիշե Կիրակոսյանի գրասենյակի հայտարարության մեջ։
Փաստորեն, ՄԻԵԴ-ը չտեսնելու է տվել, թե ինչ արշավ էր իրականացվում ՍԴ անդամների դեմ, ինչպես էին Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին տանում ԱԱԾ, բողոքի ակցիաներ անում ՍԴ-ի դիմաց, իսկ ՔՊ-ականները պնդում էին, թե «Հրայր Թովմասյանը վատ մարդ է»` պետք է հեռանա։

Մեզ հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՍԴ անդամների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ի սկզբանե ասեմ, որ Եվրոպական դատարանը, ըստ էության, քննություն չի իրականացրել հրատապ ճանաչված խնդրով, որտեղ ի սկզբանե առկա են եղել 40 և 41 կանոնները։ Դատարանից պահանջվել է 3 տարի, որպեսզի վարույթ ընդունելու հարց լուծի, ինչն արդեն իսկ անտրամաբանական է։ Մեծ հաշվով, դատական գործընթացն ավարտված է եղել կես տարի անց, և «խաղաղության խաչմերուկում» նման որոշում կայացնելը ոչ թե իրավական մեխանիզմների տրամաբանության մեջ պետք է դիտարկենք, այլ բացառապես քաղաքականության։ Ես ուղղակի հետևյալ արտահայտությամբ կբնութագրեմ․ սա եվրոպական համակարգի քաղաքական աջակցությունն է Հայաստանի իշխանություններին և նրանց հետագա լեգիտիմացումն է՝ որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար։ Ակնհայտ է, որ մեր երկրում շատ սուր բախվելու են աշխարհաքաղաքական շահեր, որի հետևանքները շատ ծանր են լինելու, և մեծագույն կորուստներ կարելի է կանխատեսել։ Այսինքն՝ առաջիկա 1 տարվա ընթացքում մեծ քաղաքական զարգացումներ են լինելու այս տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի շուրջ։ Իրավական առումով՝ անգամ ելակետային տվյալները դատարանի կողմից ճիշտ չեն օգտագործվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր