ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+21 °C
Դանիան նոր միապետ ունի
23:36, 14.01.2024 | mamul.am
3892 | 0

Դանիայում տեղի է ունեցել Մարգարեթ II թագուհու` գահից հրաժարվելու արարողությունը, ինչի մասին նա անսպասելիորեն հայտարարել էր բոլորին դեկտեմբերի 31-ի իր ամանորյա ելույթում։ Գահից հրաժարվելը տեղի է ունեցել Պետական ​​խորհրդի նիստում, որին մասնակցել են կառավարության անդամները՝ թագուհին, թագաժառանգ Ֆրեդերիկն ու նրա որդին՝ արքայազն Քրիստիանը (ապագա Քրիստիան XI-ը)։
Գահից հրաժարվելու փաստաթղթի վրա Մարգարեթի ստորագրությունն ինքնաբերաբար թագավոր է կարգում նրա 55-ամյա որդուն՝ թագաժառանգին, Դանիայի նոր միապետ Ֆրեդերիկ X-ին. նա չի թագադրվի և չի օծվի: Դանիական ավանդույթում չկա թագադրման կամ օծման արարողություն։

Դանիացիների 92%-ը Մարգարեթ II-ի թագավորումը գնահատում է` որպես լավ կամ շատ լավ։ Հրաժարականի որոշումն աննախադեպ է Դանիայի նորագույն պատմության մեջ։ Այդ մասին թագուհին հայտարարել է իր ամանորյա ելույթում։ 83-ամյա Մարգարեթը բացատրել է, որ 2023 թվականի փետրվարին, մեջքի վիրահատությունից հետո ինքը մտածել է՝ արդյոք ժամանակը չէ՞ «պատասխանատվությունը փոխանցելու հաջորդ սերնդին» և հասկացել է, որ հիմա ճիշտ ժամանակն է:

Մարգարեթը գահից հրաժարվելուց հետո կշարունակի մնալ Նորին Մեծություն: Նա կդառնա նաև ապագա թագավորի երկրորդ տեղակալը` ռեգենտը և կղեկավարի երկիրը իշխող միապետի բացակայության դեպքում, եթե, օրինակ, նա այցելի մեկ այլ երկիր:

Դանիայի միապետությունը Եվրոպայում ամենահինն է, որը սկիզբ է առել 10-րդ դարից: Ներկայում Դանիայում թագավորական ընտանիքի կողմից կատարվող պարտականությունները հիմնականում ծիսական բնույթ են կրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր