ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ»․ Հայտարարություն
18:36, 20.02.2024 | mamul.am
1841 | 2

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության հայտարարությունը․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Հայ ժողովրդի նորագույն պատմության նշանակալի պատմական իրողություններից Ղարաբաղյան շարժումը, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։ Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։ Անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Բաքուն գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների շարքը Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ բնակավայրերում։ Հայ ժողուվուրդը, սակայն, միավորվեց և, թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը, կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։

1994 թվականի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ևս երկու պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ 2016-ի ապրիլյան և 2020-ի քառասունչորսօրյա պատերազմները: Բաքվի ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ հասնելով ընդհուպ մինչև Արցախի լիակատար շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ողբալի իրադարձությունների արդյունքում՝ նաև հայաթափման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Չնայած այս արհավիրքներին, մենք համոզված ենք, որ Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է: Մեր գիտակցության մեջ, գուցե և փոքր ինչ սքողված, սակայն արդարացված ընկալում կա, որ պայքարն ավարտված չէ, որ վերադարձ լինելու է: Ուստի, անընդհատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ:

Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։

Փետրվարի 20-ը չի կորցրել իր խորհուրդը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր