ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ակնկալում ենք, որ շուտով առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին». Արմեն Գրիգորյան
18:36, 21.02.2024 | mamul.am
1745 | 0

Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք` որպես ՀՀ-ի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ. ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության առաջին տարեդարձի միջոցառմանը.

«Անցած մեկ տարին կարևոր փուլ էր առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր՝ կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունության իրավապայմանագրային հիմքի հետ։ Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև առաքելություն-ՀՀ գերատեսչություններ համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։

Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում՝ դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը ողջ երկայնքով։ Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։ Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով։

Այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար մենք շնորհակալ ենք ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և, իհարկե, առաքելության անձնակազմին։ Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ շուտով առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք ողջունում ենք Կանադայի մասնակցությունն ու Նորվեգիայի պատրաստակամությունը միանալու առաքելությանը:

Միևնույն ժամանակ՝ մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող, և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում։

Հարգելի ներկաներ,

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ:

Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը: Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։ Իհարկե առաքելության մանդատը չի փոխելու հանրային կարծիքը ԵՄ վերաբերյալ, բայց միանշանակ է, որ առաքելությունն իր ամենօրյա աշխատանքով, համայնքներ այցելելով և տեսանելի գործունեությամբ հանրության մեջ դրական կարծիք է ձևավորել ԵՄ նկատմամբ: Մենք Եվրոպական միության հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն ու հաջողություն մեր ընդհանուր գործում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր