ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Իրավիճակն իրապես ծանրագույն է». Լիլիթ Գալստյան
17:18, 22.02.2024 | mamul.am
3525 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «88-ի ՊԱՏՄԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒՄՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉՀԱՇՏՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Պատերազմից հետո Սփյուռքում չէի եղել։ Ինձ համար ծանր է ու ցավոտ Հայաստանից դուրս, անգամ օբյեկտիվ փաստերի համատեքստում, խոսել այն իրականությունից, որին բախվում են մեր Հայրենիքը, պետությունն ու ողջ հայ ժողովուրդը։
36 տարի առաջ, համազգային աներևակայելի թռիչքով ու պատմական խիզախումով հունավորեցինք Արցախյան շարժումը, կերտեցինք ու ոտքի կանգնեցրիք մեր զույգ պետականությունները։
Ու հիմա՝ Անկախությունից երեք ու կես տասնամյակ անց, դժվար է պատկերացնել, որ լավագույն խոստումներով իշխանությունը զավթած քաղաքական ուժն այսպես կմսխեր ու կքայքայեր երկրի ներուժը, կփոշիացներ ներազգային հաղթանակներն ու երազանքները, կզրոյացներ Հայաստանի միջազգային վարկն ու անկախ պետականության պայմաններում կառերեսվեինք ցեղասպանվելու փաստի հետ, կունենայինք երեքհազարամյա բնօրրանից հանրենազրկված Արցախահայություն, Հայաստանի խոցված սահմաններ և խոցված ինքնիշխանություն, հուսահատ և պառակտված հասարակություն, կասկածի տակ դրված պետականություն, անվտանգային զրո երաշխիքներ և ապագայի անորոշություն։
Ցավոք, մեզ չհաջողվեց խմբագրել, փոխել այն իրականությունը, որը նիկոլ ծնեց, չհաջողվեց կասեցնել մեր հասարկությանը դեգրադացնող նիկոլիզմ կոչվող արժեհամակարգը, մեր զույգ պետականությունների կազմաքանդման ընթացքը։
Թեհրանում․ թե հայկական միջավայրում, թե տեղական քաղաքական, փորձագիտական և ակադեմիական շրջանակներում առաջին և միակ հարցն այն էր, թե որքան է հայ ժողովուրդը և հատկապես ՀՀ քաղաքացին հանդուրժելու այն իշխանությանը, որն անունակ է ապահովել երկրի անվտանգությունը, որն այդքան հեշտորեն հրաժարվում է երկրի ազգային և պետական շահերից կամ դրանք առաջ տանելու կամք չունի:
Ի դեպ, իրանյան ազդեցիկ փորձագիտական շրջանակներում Սյունիքի ռազմավարական նշանակությունը համադրվում էր Արցախի հետ՝ գնահատելով վերջինիս հանգուցային դերակատարությունը տարածաշրջանի ապագա ճարտարապետության մեջ։
Ցավալի է, մի քիչ էլ անպատվաբեր, բայց Հայաստանի իշխանական շրջանակներում այդ տագնապը կամ գնահատումը չկա։
Մի կողմից էլ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին միջազգային երաշխիքներն առայժմ հայտարարություններից այն կողմ չեն անցել։
Իսկ այս ընթացքում Ադրբեջանը ինտենսիվորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսրայելական և թուրքական աջակցությամբ սպառազինվում։
Ըստ իրանական փորձագետների՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռված հարաբերությունները ՀՀ իշխանությունները փոխարինեցին անպտուղ արկածախնդրությամբ՝ թերագնահատելով տարածաշրջանում բնական դաշնակիցների ներուժը։
Ի դեպ, Իրանական շրջանակները Մեղրիի միջանցքը Թուրանական են անվանում՝ գնահատելով դրանից բխող բոլոր սպառնալիքները։
Իրավիճակն, իրապես ծանրագույն է․ արտաքին քաղաքական ճկունության հրամայականը թելադրում է, որպեսզի աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ ոչ կորստաբեր և հավասարակշռված դիրքավորվենք, կարողանանք տարածաշրջանում շահեր ունեցող երկրների, բնական դաշնակիցների հետ որակապես նոր, պրագմատիկ հաշվարկների վրա կառուցած հարաբերություններ կառուցել, որոնք կներառեն նաև ադրբեջանաթուրքական ագրեսիան զսպող մեխանիզմները, Արցախի հարցը հետապնդելու հիմքերը։
Ծանր փորձություն է բաժին ընկել մեզ բոլորիս, մեր սերնդին․ հիմա, բազմաթիվ ձեռքբերումներից ու կորուստներից, զոհաբերություններից ու նվիրումներից, ձախողումներից ու փառքի հարյուրավոր էջերից հետո, կանգնած ենք գոյաբանական սպառնալիքի առջև, կանգնած ենք ճակատագրական որոշումներ կայացնելու, ես կասեի՝ երդվելու առջև։
Ընկրկելու, հուսահատվելու, մեր հերոսական անցյալից և միանական ապագայից հրաժարվելու իրավունք չունենք, վերընձյուղվելու մեր հավատը կորցնելու իրավունք չունենք։
Երկրաշարժի ցավը հաղթահարել ենք միասին, Արցախյան Ազատամարտը կոփել ենք միասին, Անկախության դժվարին, վայէջքների և վերելքների ճանապարհը անցել ենք միասին։
Մեր հաղթանակի աղբյուրը մեր միասնականությունն է․ վստահ եմ՝ մեր հավաքական հավատով ու աներևակայելի ճիգով կհաստատենք պետականություն ու արժանապատվություն ունենալու կամքը։
Ապագա Հայաստանի խնդիրը զուտ հայաստանյան օրակարգ չէ։ Այն, համահայկական բնական և պատմական հանձնառություն է։ Այն ողջ հայ ժողովրդից պահանջում է կազմակերպական, գաղափարական և քարոզչական ահռելի ջանքեր, հստակ ճանապարհային քարտեզ, գաղափական և արժեքային դաշտի բյուրեղացում»:

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր