ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Աշխարհում 200 երեխաներից մեկի մոտ ախտորոշվում է էպիլեպսիա». Արմեն Մուրադյան
22:54, 23.02.2024 | mamul.am
1398 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումը. «Էպիլեպսիա. իմացեք փաստերը․ Աշխարհում 200 երեխաներից մեկի մոտ կամ բոլոր երեխաների և դեռահասների շուրջ 0.5%-ի մոտ ախտորոշվում է էպիլեպսիա: Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխաների թիվը շուրջ 3600 է․
Էպիլեպսիան ուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, առանց տարիքային սահմանափակման: Ամբողջ աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայով, ինչն այն դարձնում է ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Էպիլեպսիայով տառապող մարդկանց գրեթե 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Ենթադրվում է, որ էպիլեպսիայով ապրող մարդկանց մինչև 70%-ը կարող էր ապրել առանց նոպաների, եթե ճիշտ ախտորոշվեր և բուժում ստանար:
Էպիլեպսիայով ախտորոշված մարդկանց վաղաժամ մահվան ռիսկը երեք անգամ ավելի մեծ է, քան ընդհանուր բնակչությանը:
Էպիլեպսիայի դեպքերի 25%-ը կարելի է կանխել:
Աշխարհում տարեկան 5 միլիոն մարդու մոտ ախտորոշվում է էպիլեպսիա: Այն բնութագրվում է կրկնվող էպիլեպտիկ նոպաներով, որոնք ակամա շարժումների կարճ դրվագներ են, որոնք կարող են ազդել մարմնի մի մասի (մասնակի) կամ ամբողջ մարմնի վրա (ընդհանրացված) և երբեմն ուղեկցվում են գիտակցության կորստով: Տոկոսային հարաբերակցությամբ էպիլեպսիան ավելի հաճախ է հանդիպում վաղ մանկական տարիքում և 65 տարեկանից բարձր մեծահասակների շրջանում։
Պացիենտների 65-70%-ի դեպքում հիվանդությունը ենթարկվում է դեղորայքային բուժման, և ստանալով հակացնցումային ճիշտ ընտրված դեղորայք՝ ճիշտ դեղաչափով, հնարավոր է կանխել նոպաները։ Մոտ 30 տոկոսի դեպքում ցնցումները լավ չեն կառավարվում, այսինքն ցնցումները լավ չեն ենթարկվում դեղորայքային բուժման։ Հնարավոր է լինի նաև 2-րդ, 3-րդ դեղորայքի ներմուծման, դեղամիջոցների չափաբաժինների բարձրացման կարիք։ Եվ այս դեղորայքակայուն պացիենտներն են, որոնք կարող են լինել էպիլեպսիայի վիրահատության թեկնածու։ Իհարկե, վիրահատական միջամտությունը ցուցված է գլխուղեղի կառուցվածքային խնդրով պայմանավորված էպիլեպսիայի դեպքում։ Որոշ դեղորայքակայուն էպիլեպսիայով երեխաներին էլ կարող է օգնել կետոգեն դիետան, որը նշանակվում և հսկվում է միայն բժշկի կողմից։
Բարձր եկամուտ ունեցող երկրներում գնահատվում է, որ տարեկան 100.000 մարդու հաշվով էպիլեպսիայի 49 է գրանցվում: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը կարող է հասնել 139-ի` 100.000 մարդու հաշվով: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է էնդեմիկ հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ, ինչպիսիք են մալարիան կամ նեյրոկիստիկերկոզը, ինչպես նաև բժշկական ենթակառուցվածքների տարբերությունները, կանխարգելիչ բժշկական ծրագրերի առկայությունը և հասանելի բժշկական ծառայությունները:
Էպիլեպսիա ունեցող երեխաների մեծամասնության մոտ պատճառը անհայտ է: Էպիլեպսիան երբեմն կրում է ժառանգական բնույթ: Երբեմն երեխաների մոտ այն զարգանում է ուղեղի ծանր տրավմատիկ վնասվածքից, ինսուլտից կամ ուղեղի վարակային ախտահարումից հետո: Էպիլեպսիան կարող է զարգանալ նաև ուղեղի արատների կամ բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքի հետևանքով, որը կարող է առկա լինել ծննդյան օրվանից: Էպիլեպսիայի պատճառները բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝ կառուցվածքային, գենետիկ, վարակիչ, մետաբոլիկ, իմունային և անհայտ:
Աշխարհում 200 երեխաներից մեկի մոտ կամ բոլոր երեխաների և դեռահասների շուրջ 0.5%-ի մոտ ախտորոշվում է էպիլեպսիա: Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխաների թիվը շուրջ 3600 է, ովքեր գտնվում են Հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական դիսպանսերի հսկողության տակ:
Հիվանդացություն ունեցող մարդկանց երեք քառորդը կամ 75%-ը, ովքեր ապրում են ցածր եկամուտ ունեցող երկրներում, չեն ստանում իրենց անհրաժեշտ բուժումը` չնայած արդյունավետ և էժան հակաէպիլեպտիկ դեղամիջոցների առկայությանը:
Աշխարհի շատ մասերում էպիլեպսիայով ապրող մարդիկ և նրանց ընտանիքները տառապում են խարանից և խտրականությունից:
Հիվանդությունը պատճառում է նյարդաբանական, ճանաչողական, հոգեբանական և սոցիալական հետևանքներ և կազմում է հիվանդությունների համաշխարհային բեռի 0.5%-ը:
Էպիլեպսիան ներկայում հանրային առողջության հրամայական է, որը ներկայացնում է այս հիվանդության ազդեցության համապարփակ պատկերը` էպիլեպսիայով ապրող մարդկանց, նրանց ընտանիքների, համայնքների և ընդհանրապես հասարակության վրա: Էպիլեպսիան կապված է հաշմանդամության, զուգահեռաբար հոգեկան հիվանդությունների, սոցիալական մեկուսացման և վաղաժամ մահվան բարձր ռիսկի հետ: Էպիլեպսիայով ապրող շատ երեխաներ դպրոց չեն հաճախում, մեծահասակներին մերժում են աշխատանքի ընդունման հարցում, ոտնահարվում են մեքենա վարելու կամ նույնիսկ ամուսնանալու իրավունքները: Մարդու իրավունքների խախտումները, որոնց բախվում են էպիլեպսիայով ապրող մարդիկ ամբողջ աշխարհում, անընդունելի են:
Էպիլեպսիայի խարանը կարող է խանգարել մարդկանց բուժօգնության դիմելուն և հետևանքներ ունենալ նրանց կյանքի որակի և սոցիալական գործոնների վրա: Խարանը նվազեցնելու համար անհրաժեշտ է խորացնել գիտելիքները և բարձրացնել իրազեկվածությունը էպիլեպսիայի վերաբերյալ դպրոցներում, աշխատավայրերում և համայնքներում: Մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված ստանդարտների վրա հիմնված օրենսդրությունը կարող է կանխել խտրականությունն ու մարդու իրավունքների խախտումները, առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել և բարելավել էպիլեպսիայով տառապող մարդկանց կյանքի որակը:
Էպիլեպսիան վարակիչ չէ, հիվանդության պատճառը դեպքերի մոտ 50%-ում դեռ անհայտ է ամբողջ աշխարհում:
Շատ կարևոր է իմանալ` ինչպես վարվել, երբ ականատես եք լինում մարդու մոտ էպիլեպտիկ նոպայի առաջացմանը: Մասնագետների խորհուրդով պետք չէ փորձել մատների միջոցով լեզուն պահել, քանի որ լեզուն կուլ գնալ չի կարող և այդ ընթացքում դուք կարող եք ձեզ վնասել: Ամենասկզբում պացիենտի համար պետք է ապահովել անվտանգ միջավայր, եթե գլխով հատակին հարվածելու վտանգ կա, գլխի տակ բարակ բարձի նման մի բան է պետք դնել՝ նրան վնասվածքներից պաշտպանելու համար: Քանի որ ցնցման ընթացքում կարող է լինել փսխում կամ թքարտադրություն, ուստի ցնցվող մարդուն պետք է թեքել կողքի, որպեսզի այդ զանգվածները չանցնեն շնչուղիներ։ Պետք է անպայման ֆիքսել ժամանակը, թե երբ եղավ ցնցումը՝ բժշկին հայտնելու համար և կանչել շտապօգնություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր