ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Երբ դու կայիր, աշխարհը պայծառ էր»․ Նաիրա Մելիքյան
11:00, 25.02.2024 | mamul.am
5037 | 0

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարև իմ արև:
Էսօր դարձար քսաներեք տարեկան, թեև հավերժ մնացիր տասնինը:
Քսաներեք տարի առաջ, էսպիսի մի արևոտ կիրակի դու ծնվեցիր, ու ես մայր դարձա՝ երջանիկ մայր, ով գիտեր կյանքի իմաստն ու գինը, իմ անգին:
Ասում են՝ մայրը որդու առաջին սերն է, իսկ որդին՝ հատկապես միածին որդին, մոր վերջին սերն է:
Առանց քեզ, իմ սեր, ես մոլորվել եմ մութ անտառում: Ու ամեն բան պտտվում է «երբ դու կայիր»-ի ու «քեզնից հետո»-ի շուրջ.
Երբ դու կայիր, աշխարհը պայծառ էր: Քեզնից հետո, խավար է, ու կապ չունի, թե որքան պայծառ է փայլում արևը: Երբ դու կայիր, անսահման ուրախություն էր: Քեզնից հետո՝ անվերջ ցավ է ու կարոտ:
Քեզնից հետոն դատարկություն է. Ամեն օր ստիպված արթնանալ, շնչել, արտաշնչել, լվացվել, հագնվել, շարժվել, գործել: Գորշ ու դատարկ օրերի մի անվերջ շղթա: Բայց գիտես ինչն է սարսափելին: Էն որ, էտ գորշ օրերից մեկում ես արդեն չեմ էլ հավատում, որ մի ժամանակ ապրել եմ երջանիկ ու անհավանական լեփ-լեցուն կյանքով:
Ասում են, թե տառապանքն ազնվացնում է մարդուն, իսկ ես կասեմ՝ տառապանքի մեջ ոչ մի վեհ ու ազնվացնող բան չկա, քանի որ դրա առանցքում հոգի մաշող հիշողությունն է, կարոտն ու ափսոսանքը:
Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկ» վեպում օազիսը նույնն էր հերոսի հեռանալուց հետո, բայց դատարկ: Ինձ համար էլ մեր քաղաքն է դատարկ ու օտար քեզնից հետո, իսկ իմ ՉԿՅԱՆՔԸ շարունակվում է, ու չգիտեմ դեռ ինչքան պիտի ձգվի էս գորշ օրերի շարանը:
Ծնունդդ շնորհավոր իմ ամենասիրուն, ամենաազնիվ ու ամենապայծառ տղա:
Ինչպես քո ծնունդով փոխեցիր ողջ կյանքս, նույնպես և քո նահատակությամբ:
Ու թեև կողքիս չես արդեն չորս տարի, միայն քեզնով եմ ապրում իմ կենարար գանձ, հույսով, որ մի օր վերջապես կհանդիպենք ու էլ երբեք չենք բաժանվի:

Հ.Գ.

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ ժառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս…
«Ճերմակ ձիս» »։

Աղբյուրը` Նաիրա Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր