ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Իշխանության ներսում առաջացել է նոր բաժանարար գիծ». Սուրեն Սուրենյանց
02:18, 26.02.2024 | mamul.am
3715 | 2

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչի՞ մասին է ԱԱԾ հայտարարությունը
Հայաստանի իշխանության ներսում վաղուց գզվռտոց է: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի քողածածկույթի տակ շատ վաղուց տեղի են ունենում կապիտալի, ազդեցության վերաբաժանման գործընթացներ, ֆիլտրումներ:
Բայց, ըստ ամենայնի, իշխանության ներսում առաջացել է նոր բաժանարար գիծ՝ «աշխարհաքաղաքական» հակասությունների հատկանիշներով:
Ազգային անվտանգության ծառայությունը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում։ «Ազատությունը» գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք Եվրոմիության դիտորդական առաքելությունը մուտք ունի սահմանի այն տարածքներ, որտեղ այժմ ռուս սահմանապահներն են կանգնած։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական պայմանական (ընդգծումը ԱԱԾ-ինն է) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»,- նշել է կառույցը։
Նման բարդակ միայն Հայաստանում կարող է լինել, երբ երկու առանցքային գերատեսչություններ զգայուն հարցում ոչ միայն հակադիր դիրքորոշումներ են հայտնում, այլ նաև հակադրվում են պաշտոնական խոսույթին:
Օրինակ, ի՞նչ ասել է «հայ-ադրբեջանական պայմանական սահման»: Այս խոսույթն օգտագործվում է Բաքվի կողմից՝ լեգիտիմացնելու համար Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան:
Արդյո՞ք Երևանում էլ են լեգիտիմ համարում Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականությունը:
Չնայած պետք չէ զարմանալ. ընդամենը շաբաթներ առաջ ԱԺ փոխնախագահը Հայաստանը համարել էր «լեգիտիմ թիրախ»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր