ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բանտերը և այդտեղ տիրող իրավիճակը ուղիղ համեմատական են պետության որակի հետ». Զառա Հովհաննիսյան
22:48, 27.02.2024 | mamul.am
1999 | 1

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանտերը և այդտեղ տիրող իրավիճակը ուղիղ համեմատական են պետության որակի հետ, թե ինչպես է պետության ներսում ընկալվում մարդը, արդյո՞ք պաշտպանված է, թե խոցելի:
Եթե երկրում դեմոկրատական համակարգ է, բանտը դառնում է մի վայր, որտեղ պետությունը փորձում է շտկել իր բացթողումները, օրինակ կրթությունը կիսատ թողած անձանց կրթել, առողջական խնդիրներ ունեցողների հանդեպ լինել ուշադիր և հոգատար, վարքային խնդիրներ ունեցողների հետ հատուկ մեթոդով աշխատել և այլն: Իսկ եթե պետությունը վերածվում է մարդատյաց մի ռեժիմի, բանտերը դառնում են ընդդիմախոսներին, քաղաքական հակառակորդներին ճնշելու և, նույնիսկ, մարդկանց կյանքն և առողջությունը խլող վայրեր:
Ավելի քան 10 օր է, ինչ Ռուսաստանի հեռավոր բանտում, անմարդկային պայմաններում ազատազրկված և սպանված Ալեքսեյ Նավալնին ինձ հիշեցնում է բանտային մղձավանջային այն տեսարանների մասին, որոնց ես անձամբ եմ ականատես եղել:
Ոչ վաղ անցյալում, ակնհայտորեն քաղաքական գործունեության և հայացքների համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում բանտարկված Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվող անմարդկային գործողությունների ձեռագիրը գրեթե նույնն էր: Երբ կտրված էր կապը արտաքին աշխարհի հետ և Գևորգին տեղափոխել էին պատժախուց, որը Նուբարաշենի առաջին հարկում էր, մութ ու խոնավ, հնարավորություն չկա պառկելու, քանի որ պատժախցի ռեժիմում ցերեկային ժամերին վերցնում են անկողինը և ծալովի մահճակալը կողպեքով ամրացնում պատին, խցում թողնում ճոճվող մի աթոռ ու սեղան, սահմանափակ քանակով գրելու ու կարդալու նյութեր, և, ի հավելումն այս ամենի, խցի բետոնահատակն ամբողջովին ծածկված էր կոյուղաջրերով: Երբ մտա այդ խուց, Գևորգը ուղիղ խցի մեջտեղում երկու աղյուսանման քար էր տեղադրել և կանգնել դրանց վրա, որպեսզի ոտնաթաթերն ամբողջովին չծածկվեին կեղտաջրով, տհաճություն էր զգում իր այդ վիճակից, և, պատկերացրեք, նա ամբողջ օրը այդպես էր անցկացնում, իրարից հեռու դրված ոտքերը՝ քարերին, նույնիսկ ձեռքսեղմումով չէր ցանկանում հպվել, օրերով չէր լողացել, պատժախցում գարշահոտություն էր: Մեծ աղմուկ բարձրացրեցինք, որից գոնե սաստվեցին, հանեցին պատժախցից, բայց մարդու առողջական վիճակին անդառնալի վնաս հասցրեցին: Բանտային այս տեսարանը միակը չէ, այդ մղձավանջները աչքերիս առջև են:
Ես անվերջ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ոնց են բուծվում էս մարդակեր համակարգերը, ովքեր են կատարում այդ հրամանները, ու այս սուր զգացողությունները դարձյալ տանջում են ինձ՝ Նավալնիի հետ կատարվածի հետևանքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր