ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+26 °C
«ԽՍՀՄ-2 նախագիծն իրագործելու համար Կրեմլը չունի որևէ ռեսուրս բացի գազից ու սպառնալիքից». Հայկ Դեմոյան
03:06, 29.02.2024 | mamul.am
3229 | 2

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստան-Հայաստան. անդառնալիի վերջնակետը
Հասկանալու համար, թե ի՞նչ է ծրագրում ու ինչի՞ է պատրաստ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում, արժի զուգահեռ վերլուծել մի քանի կարևոր ու ընթացիկ իրադարձություններ:
Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ Ուկրաինայում սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որով ի ցույց դրեց մինչև վերջ գնալու իր ցանկություններն ու նպատակադրությունը` սեփական շահերը առաջ մղելու ու պաշտպանելու համար: Այս իրողության պայմանում միամիտ կլիներ կարծել, թե Կրեմլը ձեռնպահ կմնա Հարավային Կովկասի «հողերը հավաքելու» ցանկության իրագործումից: Այստեղ ամեն ինչ պարզ կլինի Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքից ու Ռուսաստանի վատնած ռեսուրսների ծավալից, որը պատժամիջոցների պայմաններում դժվար կլինի լիարժեքորեն վերականգնել: Բայց սա ենթադրություն է:
Ռազմավարական սխալը, որը կարող է ճակատագրական լինել Ռուսաստանի ապագայի համար, դա ամբողջ աշխարհին հակադրվելու և դրա վերջնարդյունքում լիակատար հաղթանակ տանելու անհագուրդ համոզմունքն ու հավատն է, որը շատ տիրապետող մտայնությունն է ռուսաստանյան ներկա ռազմա-քաղաքական վերնախավի մոտ: Ռուսական ներկայիս Realpolitik-ը շատ պարզունակ է իր հաշվարկներում, դատողություններում և վերջնարդյունքի պատկերացումներում: Դա պարզ երևաց նաև Երևան ժամանած մոսկովյան քաղաքագետների վերջին ուղերձներից: Դա պարզ երևում է նաև Ռուսաստանում վերջին 10-15 տարիների ընթացքում հրատարակված վերլուծական գրքերի վերնագրերից ու բովանդակությունից, ինչպես նաև Հայրենական պատերազմի թեմայով նկարահանված կինոնկարների սցենարներից ու սյուժեներից, որտեղ պայմանական Արևմուտքը միշտ ու պարտադիր պարտվող կողմ է:
«Հողերը հավաքելու» և ԽՍՀՄ-2 նախագիծն իրագործելու համար Կրեմլը չունի որևէ ռեսուրս բացի գազից ու սպառնալիքից: Եթե հարյուր տարի առաջ Մոսկվան առաջարկում էր նոր գաղափարախոսություն, մշակութային քաղաքականություն, արդյունաբերական արդիականացում, անվտանգություն, ապա «ռուսական աշխարհի» ներկա ջատագովները սպառման համար հնչեցնում են միմիայն սպառնալիքներ` իրենցից «հեռացածներին» նկարագրելով դժգույն հեռանկարներ: Կայսերապաշտական պատկերացումները որևէ տեղ չեն տալիս Հարավային Կովկասը մեկ այլ անվտանգային գոտում տեսնելու հնարավորության համար: Այստեղ չեն աշխատում տրամաբանական բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Մերն եք եղել ու մերն եք մնալու» ձևակերպումը այլընտրանք չունի:
Եթե փորձենք հասկանալ ու դասդասել Հարավային Կովկասում սարքած շիլաշփոթը, ապա այս պահին Ռուսաստանը կորցրել է Վրաստանը, կորցնում է Հայաստանը, սակայն ձեռք է բերել Ադրբեջանը, ըստ որում առանց կրակոցի, այնպես, ինչպես 1920 թ. ապրիլի 28-ին, երբ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը մեկ օրում դարձավ խորհրդային: Մոսկվան գործեց «Ղարաբաղը` Իլհամին, Ադրբեջանը` մեզ» շատ պարզ սխեմայով ու դա չհասկացան ադրբեջանցիների 92 տոկոսը:
Իլհամ Ալիևը բացարձակ դեմ չէր փառքի ու հաղթանակի full փաթեթին տիրանալ, քանի որ Ադրբեջանը, որպես այդպիսին, մի երկիր է, որը պատկանում է հենց Ալիևների ընտանիքին, ովքեր և տնօրինում են այն իրենց հայեցողությամբ: Ադրբեջանը 2022 թ. փետրվարին ստորագրված հռչակագրով ստանալու համար Մոսկվան ներում էր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կոպիտ խախտումները, Բաքվի` բողոքի նոտաների լեզվով խոսելը, ռուսական ուղղաթիռի խոցումը, իսկ ավելի ուշ նաև խաղաղապահների գնդակահարությունը: Այստեղ հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ ռուսաստանյան կարևոր ու առանցքային պաշտոնյաներ, վերլուծաբաններ ու կարծիք ձևավորող անձինք «գրագետ» ձևով լուրջ ֆինանսական աջակցություն են ստանում ադրբեջանական նավթագազային եկամուտներից, այնպես, ինչպես դա արվում է եվրոպացի պատգամավորների ու չինովնիկների պարագայում:
Ամրանալով Ադրբեջանում Մոսկվան շարունակաբար փորձելու ադրբեջանցիների կյանքերի հաշվին սպառնալ ու ստանալ առայժմ Հայաստանը, իսկ մոտ ապագայում հնարավոր է նաև Վրաստանը:
Ստացվում է այսպիսի գրոտեսկային մի բանաձևում. Ադրբեջանի, որպես անկախ պետության գոյությունը մեծապես կախված է Հայաստանի անկախության պահպանումից, այնպես ինչպես Վրաստանի անկախության պահպանումն է կախված Հայաստանի անկախության պահպանումից և հակառակը` Հայաստանի անկախության պահպանման երաշխիքը հենց անկախ Վրաստանի առկայությունն է:
Այս պահին ստեղծված փակուղու պայմաններում ավելի հստակեցվում ու ավարտական տեսք են ստանում Մոսկվայի նախընտրություններն ու առաջնահերթությունները: Ակնհայտ է, որ Մոսկվան հատել է մի սահմանագիծ, որից հետո Երևանի հետ խոսելու է միմիայն սպառնալիքի լեզվով, որն էլ ավելի կխորացնի հարաբերությունների բալանսավորման հեռանկարի անհնարինությունը: Հայաստանյան հասարակության համար Մոսկվան վերածվել է «ոչ յուրայինի», իսկ դա լուրջ փաստ է, որը կփորձի կապիտալիզացնել Արևմուտքը: Եթե Մոսկվան իսկապես վախենում է Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը «կորցնելուց», ապա պետք է պատրաստ լինի ընդունել հայկական կողմի նախապայմանները: Այլ հարց է, թե ունա՞կ է, կամ ցանկանու՞մ է ներկա իշխանությունը ձևակերպել նման նախապայմաններ:
Մի բան շատ պարզ է. Հայաստանը «կորցնելու» հեռանկարը ադրբեջանական սպառնալիքի միջոցով չեզոքացնելու հաշվարկը հնամաշ հեքիաթների ժանրից է: Այս հեքիաթը կարող է դառնալ իրականություն, եթե Արևմուտքը կրկին կընդունի Ռուսաստանի գերակա դիրքերը Հարավային Կովկասում, որտեղ նոր տիրապետության հաստատումը հաստատ անարյուն չի լինի` առաջ բերելով լուրջ հումանիտար ճգնաժամ:
Առաժմ արձանագրենք Բաքու-Մոսկվա հարաբերությունների լիակատար սինխրոնացումը` հայկական շահերի ու Հայաստանի անվտանգության հաշվին հնարավորն ու նույնիսկ անհնարը ստանալու համար:
Իսկ հանրագումարում շատ պարզ մի իրողություն է հստակեցվում. Մոսկվայի համար ավելի ցանկալի է հայկական պետության չգոյությունը, քան գոյությունը: Իսկ դա նշանակում է մի գործընթացի սկիզբ, որի վերջնարդյունքում չեն լինի անկախ ու սուվերեն Ադրբեջան ու Վրաստան»:

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր