ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
«Մակրոնը «թրոլլինգ» արեց ՆԱՏՕ անդամներին. ո՞ւմ կարող էր դա լինել օգտակար». Հակոբ Բադալյան
23:48, 02.03.2024 | mamul.am
2798 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022 թվականի հուլիսից ի վեր չի եղել Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների հանդիպում: Եվ ահա, Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը թուրք բանագնաց Քըլըչը Հայաստանի բանագնաց Ռուբինյանին առաջարկում է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում:
Ըստ իս, այստեղ կա երկու հանգամանք: Նախ, Թուրքիան մշտապես ձգտել և ձգտում է հայ-թուրքական շփումները առավելագույնս կտրել «երրորդ կողմերից»: Հաշվարկը պարզ է՝ մնալով «դեմ առ դեմ»` Թուրքիան, բնականաբար, հեշտությամբ կիրացնի քաշային կատեգորիաների մեջ եղած ահռելի տարբերությունը:
Մյուս հանգամանքը այն է, որ Թուրքիան հատուկ բանագնացների հանդիպումների ավելի քան մեկուկեսամյա դադարից հետո այժմ առաջարկում է «վերսկսել» դրանք, նպատակ ունենալով «մրցակցային գիծ» բացել Ֆրանսիայի աշխուժության հանդեպ: Այստեղ, սակայն, ըստ իս, առանցքայինն այն է, որ Անկարան, թերևս, ունի կասկածներ, որ Ֆրանսիայի ակտիվությունն, այդուհանդերձ, աջակցություն ունի Ռուսաստանի իշխող համակարգի որևէ ազդեցիկ գրասենյակում:
Եվ բանն այստեղ միայն Կովկասը չէ: Ինչպես օրեր առաջ էի ուշադրության արժանացրել, դիտարժան է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա արևմտյան զորքի մուտք չբացառելու մասին: Այդ հայտարարությամբ, փաստորեն, Մակրոնն «ստիպեց» մյուս բոլոր դերակատարներին` փութաջան հայտարարել, թե չի կարելի թույլ տալ այդպիսի բան:
Եթե, այսպես ասած, «ժամանակակից» բառապաշարով ասենք, Մակրոնը «թրոլլինգ» արեց ՆԱՏՕ-ի անդամներին, ու թերևս, հռետորական հարց է առաջանում, ո՞ւմ կարող էր դա լինել օգտակար:
Հասկանում եմ, որ քաղաքական «ուղղագծության» «վարժեցված» մեր հանրության համար կան հստակ գծված սխեմաներ ու ճամբարներ: Դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից և դրան հաջորդած նաև մի քանի այլ զարգացումներից հետո եմ սկսել պարբերաբար գրել ու խոսել, որ մենք պետք է դուրս գանք աշխարհի այդ ընկալումից և ինքներս մեզ դիլեմաների ենթարկելուց, որովհետև մեր շանսը կարող է լինել միայն գլխի 360 աստիճան անկանգ պտույտի վարժվելու և գլխապտույտի չենթարկվելու կարողությունը»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր