ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
«Մի քանի տասնյակ բնակավայրերում տարիներ անց միայն ծերեր են մնալու». Թաթուլ Հակոբյան
16:30, 11.04.2024 | mamul.am
1339 | 0

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջիկա տարիների և տասնամյակների համար, անկախ նրանից, թե Հայաստանում ով կլինի իշխանություն, գլխավոր մարտահրավերներից մեկը մնալու է ժողովրդագրությունը:
Իմ գրեթե ամենօրյա ճամփորդությունները ՀՀ տարբեր, հատկապես սահմանային բնակավայրեր, ցույց են տալիս, որ մի քանի տասնյակ բնակավայրերում տարիներ անց միայն ծերեր են մնալու:
Աշխարհի 10 միլիոն (եթե այս թիվը ճիշտ է) հայերից միայն 3 միլիոնն է ապրում կամ գրանցված է Հայաստանում:
Չպետք է ունենալ պատրանքներ, որ մյուս 7 միլիոնից գոնե 1 տոկոսը կվերադառնան/կտեղափոխվեն Հայաստան, երբ հայաստանցիներն են շարունակում արտագաղթել:
Ծնելիության մակարդակը չափազանց ցածր է, հետևաբար Հայաստանի բնակչությունը ավելացնելու այլ տարբերակ, քան որոշ քանակի այլազգիներ ընդունելն է, այս պահին ուղղակի գոյություն չունի:
Ոչ միայն որևէ վտանգ, այլ հակառակը, մեծ օգտակարություն եմ տեսնում, եթե Հայաստանում հաստատվեն՝
ա/ մի քանի տասնյակ հազար իրանցիներ,
բ/ մի քանի տասնյակ հազար հնդիկներ,
գ/ մի քանի տասնյակ հազար ռուսներ,
դ/ մի քանի տասնյակ հազար ուկրաինացիներ:
ե/ մի քանի տասնյակ հազար քրիստոնյաներ Արևելքից,
զ/ մի քանի տասնյակ հազար եզդիներ՝ ի լրումն ՀՀ-ում արդեն իսկ բնակվող, հայաստանցի մի քանի տասնյակ հազար եզդիների:
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ մինչև 300 հազար այլազգի, բայց հայաստանցի բնակչություն, որոնք կունենան ՀՀ անձնագիր, կծառայեն Հայկական բանակում, կվճարեն հարկեր ՀՀ պետությանը, կմասնակցեն ՀՀ կառավարմանը, կընտրեն և կընտրվեն տեղական և հանրապետական մարմիններում:
Բազմազգ Հայաստանը ՀՀ-ին օգտակար կլինի նաև մտածողության տեսակետից:
Անշուշտ, ՀՀ-ն պետք է շարունակի մնալ Սփյուռքի օժանդակության կենտրոնում, բայց ՀՀ-Սփյուռք համագործակցությունը պետք է լինի երկկողմանի և փոխշահավետ՝ հիմնված ոչ միայն զգացական ընկալումների, այլ շահերի տեսանկյունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր