ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ռուսները նահանջել են և «դիտելու» են «հեռու կանգնած»». Հակոբ Բադալյան
02:24, 21.04.2024 | mamul.am
5401 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Շրջանառության մեջ է դրվում մանիպուլյատիվ նոր «թեզ»՝ ովքեր դեմ են սահմանազատմանը, ուրեմն Հայաստանը ներքաշում են պատերազմի մեջ:
Թվում է, թե այդօրինակ մտքերը զուտ իրավիճակային քարոզչական հնարքներ են, օրվա խնդիրները սպասարկելու համար:
Գործնականում սակայն, իրավիճակը խնդիրն իր էությամբ շատ ավելի լուրջ է, որն անկասկած վեր է քարոզչական թեզերի տարածման ֆունկցիոներության կրողների պատկերացումից (նրանք առավելագույնը ի վիճակի են որքան հնարավոր է շատ հարազատ և բարեկամ տեղավորել պետական ու համայնքային հաստաատություններում), սակայն թերևս լավ են պատկերացնում այդ «թեզերը» մշակողները:
Փաստացի, տեղի է ունենում պատերազմի (պարտադիր չէ լայնամասշտաբ, ավելի հավանական է սահմանային մասշտաբի) «պատճառի», «մեղավորի» նշանակում: Դա «ընդդիմացողներն» են: Իսկ, եթե նրանք չեն հաջողում, ապա ստեղծվում է այլ «նախադեպ» և հաջորդիվ Երևանի հանդեպ ավելի է ուժգնանալու Ադրբեջանի շանտաժի և Արեւմուտքի փափուկ ուժի քաղաքականության համատեղ ճնշումը:
Ռուսները, ինչպես ասել եմ, դեռևս տարի առաջ՝ նահանջել են և «դիտելու» են «հեռու կանգնած», թեև ներսում ընդդիմացողներին աներկբա կապելու են նաև Ռուսաստանի հետ, հետևյալ «ֆորմուլայով»՝ Արևմուտքը օգնում է սահմանազատմանը, իսկ ռուսները «5-րդ շարասյունով» փորձում են խանգարել և հրահրել պատերազմ: Այս քարոզչական նարատիվը պարզ է ցերեկվա լույսի պես:
Իսկ ո՞րն է այստեղ մանիպուլյացիան: Այն, որ տեղի ունեցողին դեմ լինելը, դրան ընդդիմախոսելը, քննադատելը ոչ թե սահմանազատմանը դեմ լինել է, այլ՝ միակողմանի զիջմանը: Տեղի ունեցողը միայն տեղեկատվա-քարոզչական մակարդակում է սահմանազատում, գործնական մակարդակում այն Հայաստանի հանդեպ ճնշման մոդելի «թեստավորում» է:
Որևէ ողջախոհ մարդու համար անգամ բացատրել պետք չէ, որ պետական սահմանը, այսպես կոչված միջազգային իրավունքը, այդ ամենը այլևս անվտանգության որևէ երաշխիք չեն: Եվ չեն էլ եղել երբեք, եթե չեն ուղեկցվել ուժերի բալանսով: Դրանք աշխատում են միայն ուժերի բալանսի պարագայում: Մինչդեռ, այն ինչ տեղի է ունենում ներկայումս, լիովին հակառակն է՝ ուժերի բալանսի խախտվածության պայմաններում մի կողմը մյուսին թելադրում է պայմաններ: Այդ կերպ փորձում է առավել ամրացնել բալանսի խախտվածությունը և ստեղծել դրա հիմքով նորանոր պայմանների նախադրյալներ:
Մեղմ ասած տարօրինակ կլիներ, եթե այսօր տեղի ունեցողը Հայաստանում չարժանանար քաղաքական և քաղաքացիական ընդդիմախոսության, քննադատության, մերժման: Ավելին, ռացիոնալ, խորքային ռազմավարական մտածողության տեր իշխանության պարագայում դա միմիայն կարող էր լինել պահանջված իրավիճակ:
Բայց, փաստորեն այդ դիրքորոշումը հռչակվում է «պատերազմահեն», այդպիսով կամա, թե ակամա «ալիբի» տալով առնվազն Ադրբեջանին, և ինչպես նշեցի՝ կամ էլ տալով առկա մեթոդաբանությունը առավել ընդլայնելու նախադեպ»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր