ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Տավուշում իրականացվող սահմանազատումը հակասում է ՀՀ պետական շահերին»․ Արա Զոհրաբյան
01:18, 20.04.2024 | mamul.am
1525 | 1

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզում պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի իշխանությունների վարքագիծը ՀԱԿԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ:
1. ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ անկախ պետությունները ձևավորվել են, Ադրբեջանը երբեք չի բարձրաձայնել այսպես կոչված անկլավների և Հայաստանի սահմանների հետ կապված հարց: Ողջ վեճն եղել է Արցախի շուրջ: 30 տարի շարունակ չի խոսել: Իր լուռ համաձայնությամբ (acquiescence) ընդունել է այդ իրողությունը: 44 օրյա պատերազմից հետո նոր է խոսել:
2. ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ: Վարչական սահմանների շահարկման խնդիրը կարող է լինել քաղաքական կոնցեպտ, բայց ոչ երբեք՝ իրավական: Այս քաղաքական իրողությունը չի կարող պարտադրվել որպես միջազգային իրավունք: Եթե վարչական սահմանները լինեին պետական սահմաններ, ապա Ռուսաստանի Դաշնությունը (Դաղստանը) և Ադրբեջանը տասնյակ տարիներ բանակցելուց հետո սահմանազատում չէին կատարի:
3. Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների հետ կապված որևէ հարց չի լուծել: Հռչակագրում կողմերն ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը: Տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԸ: Դրա վառ ապացույցներն են տարածքային վեճերը Ալմա Աթայի հռչակագրի տարբեր կողմերի միջև:
4. Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ իրավունք: Հայաստանն ունի այսպես կոչված անկլավները և Հայաստանի սահմանները պաշտպանելու իրավունք, այդ թվում՝ զորքն այդ տարածքներից չհանելու իրավունք: Այդ իրավունքն ամրագրված է առնվազն 1994թ. մայիսի 12-ի և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթերով:
5. Այսպես կոչված անկլավներում Հայաստանի իշխանությունն իրականացրել է կառավարման լիազորություններ, այդ թվում՝ ճանապարհ է սարքել, սեփականության իրավունքներ է գրանցել, հողեր է մրցույթների ներկայացրել (նույնիսկ 2021թ., տես՝ Ազատամուտի հատվածի հողամասերի կադաստրային գործերը): Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարող ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին հակառակ, առանց հանրաքվեի, տարածքի փոփոխության հարց լուծել (Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով):
Այս գործընթացի մեջ ներգրավված բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ օժանդակողները, հայրենիքի դավաճանության մեջ են մեղադրվելու:
Հ.Գ. Հիշե՛ք, այս իշխանության պարտվողական և ինքնանվաստացնող քաղաքականությունը չի կանխելու պատերազմը»։

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր