ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի, պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կարգելվի
20:48, 21.04.2024 | mamul.am
3685 | 0

Քանի որ պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է նոր նախագիծ մշակել՝ առհասարակ արգելել պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա սպասքի վաճառքը:

Սա պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հունվարի մեկից, բայց պարզվել է, որ որոշակի փոփոխությունների կարիք, այնուամենայնիվ, կա։

Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնությունը համարում է բնապահպանական․ արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն շրջակա միջավայրում:

ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ փոփոխությունները, որոնց ենթարկվել է նախագիծը, վերաբերում է օրենսդրական մասին, իսկ առաջարկվող արգելքները ուժի մեջ են մտնելու աստիճանաբար:

«Այսինքն՝ առաջին փուլով ընդունել էինք, ու դեռևս շարունակում է գործել 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը, հիմա այս նախագծով այդ արգելքը նույնպես հանում ենք։ Արգելվելու է ցանկացած պոլիէթիլենի վաճառքը։ Բացառությունները շարունակելու են մնալ կշռափաթեթավորման պարկերի նկատմամբ և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների դեպքում»,- ասում է նա:

Հաջորդ տարի ուժի մեջ է մտնելու պլաստիկից պատրաստված մեկանգամյա սպասքի վաճառքը: Ընդ որում՝ այս արգելքը կիրառելի է լինելու սպասարկման ոլորտում․ առաքումների դեպքում սնունդը չի կարող լինել այդ տարաների մեջ, կամ ռեստորաններում, խանութներում ուտելիքն ու քաղցրավենիքը չեն կարող վաճառվել սննդի այդ տեսակ սպասքերում․ «Խանութներում, սպասարկման վայրերում այս նախագծի ընդունման դեպքում այլևս չենք տեսնի ոչ մի պոլիէթիլենային տոպրակ, պարկեր, ինչպես նաև պլաստմասե սպասք՝ ըմպելի ձողիկներ, բաժակներ։ Աստիճանաբար մոտեցումն է ընտրվել, որովհետև անհնար կլինի միանգամից արգելել դրանց վաճառքը։ Այսինքն՝ արտադրողները չեն կարող միանգամից կրճատել իրենց արտադրանքը, պետք է հասնենք նրան, որ դրանց վաճառքը աստիճանաբար նվազի»։

Արգելքը տարածվելու է հանրապետության ողջ տարածքում։ Խանութները, որոնք կշարունակեն վաճառել արգելած ապրանքները, կտուգանվեն 100 հազար դրամով։ Նոր փոփոխություններով, որոնք արվել են նախագծում, վերահսկողությունը իրականացնելու է թե՛ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս երկու կառույցն են ընտրվել, քանի որ միայն տեսչական մարմնի ռեսուրսները, ըստ Ավետիսյանի, բավարար չեն՝ հսկողությունը իրականացնելու համար։

Նախաձեռնությունը, սակայն, մի շարք արտադրողների շրջանում դժգոհություններ է առաջացել։ Ըստ նրանց՝ ՀՀ-ում պլաստիկ տարաներ և պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ընկերությունները լուրջ վնասներ կկրեն։

Լուսինե Ավետիսյանն ասում է՝ հանդիպումներ կազմակերպում են արտադրողների հետ, մեկ հանդիպում արդեն կայացել է, կլինի նաև հաջորդը։ Նրա խոսքով՝ այդ լուրջ վնասները չեն լինի, չի լինի նաև գնային տարբերությունը, չնայած նրան, որ, օրինակ, եթե պոլիէթիլենային տոպրակը խանութում արժե 40-50 դրամ, ապա դրա համար առաջարկվող այլընտրանքը՝ թղթի տոպրակի գինը, սկսվում է 100 դրամից․ «Արտադրողները նույն դժգոհություններն են ներկայացնում, ինչ առաջին արգելքի ընդունման ժամանակ էին ասում՝ վարկեր ունեն, խնդիրներ, բայց միևնույն ժամանակ ներկայացնում են իրենց արտադրանքը։ Մենք իրենց ժամանակ տրամադրել էինք, որ վերապրոֆիլավորվեն։ Հիմա փորձում ենք աջակցել, հասկանալ, թե ինչպես անենք, որ քիչ վնասներ կրեն։ Իսկ գնային տարբերության դեպքում այսպես է․ եթե մարդը ամեն գնմանը պետք է վճարի 50 դրամ տոպրակի համար, ապա 100 կամ ավելի դեպքում թղթի տոպրակը կարող է մի քանի շաբաթ, ամիս օգտագործել»։

Այսինքն՝ պլաստիկի ու պոլիէթիլենի այլընտրանք առաջարկվելու է թղթից, կամ կտորից պատրաստված հումքը, բազմակի օգտագործման համար տոպրակները։ Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում արդեն այդպիսի հումքով արտադրող կազմակերպություններ կան, որոշ ընկերություններ պլաստիկը վերամշակում են, այլ արտադրանք են մուտք գործում շուկա։ Նույն դեպքում էլ, նախարարության ներկայացուցչի կարծիքով, կարող է լինել սպասարկման ոլորտի պարագայում։

Նախագիծն այս պահին քննարկման փուլում է, նախարարությունը սպասում է շահագրգիռ կողմերի կարծիքներին, օրինակ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տեսչական մարմինների գրասենյակը և այլն։

Առավել մանրամասն` սկբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր