ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Փաշինյանը, կամա, թե ակամա, Ադրբեջանի վրայից հանում է Արցախի հանդեպ ագրեսիայի «սխալը»»․ Հ․ Բադալյան
03:18, 14.06.2024 | mamul.am
2134 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե իր «սխալը» 2018-ին «չասելն» էր:
Սա մանիպուլյացիա է, ոչ թե անկեղծ սրտով ինքնախոստովանություն: Որովհետև, եթե նա չաներ այդ «սխալը», միևնույն է, դա չէր բերելու կարգավորման: Նրա սխալն այն չէր, որ «չի եկել ու ասել»: Նրա սխալն այն էր, որ 2018-ի փոփոխությունները չի ծառայեցրել Հայաստանում քաղաքական հարաբերությունների համակարգը բարդացնելուն, այլ պարզունակացրել է «նախկին-ներկա» «միաբջիջ» տրամաբանության աստիճանի, որտեղ լուծվելիք միակ հնարավոր խնդիրը եղել է այն, որ վերահաս ռիսկերը կառավարել չկարողանալու դեպքում քաղաքական բոլոր դերակատարները ստացել են պատասխանատվության «պինգ-պոնգ» խաղալու շահավետ հնարավորություն:

Այստեղ կա ավելի վտանգավոր մի բան: Վերցնելով «սխալն» իր վրա, Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի, բայց առնվազն որոշակի մասով Ադրբեջանի վրայից հանում է Արցախի հանդեպ ագրեսիայի «սխալը»:
Սա ավելանում է պատերազմից հետո տարածված այն լայն մտայնությանը, որ պատերազմ չէր լինի, եթե 2018-ից առաջ եղած իշխանությունը չլինել «ոչմիթիզական»:

Թե 2018-ից առաջ եղած իշխանությունը, թե 2018-ից հետո եղած իշխանությունը Հայաստանում՝ չեն եղել «ոչմիթիզական»:

Ամբողջ հարցն այն է, որ նրանցից որևէ մեկը չի տեսել այսպես ասած «ոչմիթիզական» չլինելու, կամ «թիզական» լինելու քաղաքական ՕԳԳ-ն:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակին հղումներն ըստ իս ավելի շատ «քնարականություն» է, քան քաղաքականություն: Տեր-Պետրոսյանն իրերի դրությունը բաց և անկեղծ շարադրել է այն բանից հետո, երբ լավ պատկերացրել է այդ գնով, այդ կերպ կարգավորման անհեռանկարայնությունը, գործնական անհնարինությունը: Իսկ պարզապես իշխանության մնալը՝ նրանը չէր, նրա տեսակինը չէր:

Տեղեկատվա-քարոզչության և մի քիչ էլ պատմության համար է «նրան հեռացրինը»: Տեր-Պետրոսյանն ինքն է հեռացել, և խնդրի էությունը հանրայնացրել է հենց հեռանալու որոշումը կայացնելուց հետո: Ընդ որում, այդ առնչությամբ բավականին արժքավոր է Վանո Սիրադեղյանի հայտնի հեռուստաելույթը՝ «Մարդու ժամանակը» հաղորդմամբ:
Բնականաբար սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, որն իհարկե ամրապնդվել է նաև այդ շրջանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած հարգարժան գործիչներից ոմանց հետ տարբեր զրույցներից ստացած տեղեկատվության ու գնահատականների շնորհիվ:

Ի դեպ, անհարգալից է հենց Առաջին նախագահի հանդեպ, մտածել, թե նա այնքան թույլ ու անզոր էր, որ ուզենալով լուծել պետության առաջ կանգնած ողնաշարային հարցերից մեկը, անկարող եղավ լուծել դրա այսպես ասած «ներիշխանական» բաժինը: Կրկնեմ, նա ունենալով լուծման իր պատկերացումը, իրավիճակի իր գնահատականը, նաեւ ամենից լավ պատկերացնում էր դրա անիրատեսականությունը, հետեւաբար անիմաստ գնահատեց մնալն ու դրա համար կռիվ տալը, պարզապես փոխանցելով իշխանությունը:

Մնացյալն արդեն համակաիրների, երկրպագուների կամ «հակակիրների» զբաղմունքի առարկան է, երբ բարդ խնդիրների մասին ծածանվում են պարզ «պաստառներ»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր