ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը»․ ՄԻՊ
11:18, 20.06.2024 | mamul.am
1217 | 0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը։

Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն ուղղություններից է, որն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։ Այս համատեքստում խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է ներգրավված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության աշխատանքներում և վերաբերելի խնդիրները անընդհատ է բարձրաձայնում ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում։

Խորը ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի է հասնում։ Ավելին, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների արդյունքում վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։

Վերը շարադրվածը նկատի ունենալով` օրախնդիր է նշված բնագավառում իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:

Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»։

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր