ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+34 °C
«Քարոզչությունը լինում է երկու տեսակ՝ ոտքի հանող և ծնկի բերող»․ Նաիրի Հոխիկյան
13:48, 20.06.2024 | mamul.am
1413 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․

«Քարոզչությունը լինում է երկու տեսակ՝ ոտքի հանող և ծնկի բերող։

Երբ դու խոսում ես մի երևույթի կամ սպասվող իրադարձության մասին այնպես, որ մարդիկ հուսահատության մեջ են ընկնում ու մտածում՝ ամեն ինչ վերջացած է, ապա դա ծնկի բերող քարոզչություն է։ Վերջին առնվազն 4 տարվա ընթացքում հայերի նկատմամբ իրականցվում է հենց ծնկի բերող քարզչություն ինչպես դրսից՝ թշնամիներից, այնպես էլ ներսից՝ իշխանությունից ու ընդդիմադիրներից միաժամանակ։

Ադրբեջանն ասում է՝ ամեն ինչ վերջացած է, Հայաստանը պարտվել է, եթե գլուխը բարձրացնի՝ կոչնչացնեմ․․․

Հայաստանի իշխանությունն ասում է՝ ամեն ինչ վերջացած է, Արցախն այլևս մերը չի, մենք ինքնախաբեությամբ ենք զբաղված եղել, հիմա պետք է վիզներս ծուռ ապրենք՝ դա անվանելով ինքնիշխանություն։

Հայաստանի ընդդիմությունն ասում է՝ Ադրբեջանը էլի է հարձակվելու, բոլորիս սպանելու է, քանի որ Նիկոլը ամեն ինչ հանձնել է, Արցախը հանձնել է, Տավուշը հանձնել է, Սյունիքը հանձնել է, ամեն ինչ հանձնել է, մենք ոչինչ չունենք։

Մեծ հաշվով, այս երեք քարոզչության մեջ չկա գաղափարական տարբերություն, միակ տարբերությունը ասելիքի ձևի մեջ է։ Իրականում երեք դեպքում էլ ազգին տանում են ծնկի բերելու ճանապարով՝ ամեն ինչ վերջացած է․․․

Մինչդեռ ոտքի հանող քարոզչությունն ունակ է դավաճանված, պարտված ու թուլացած, որդեկորույս ժողովրդին դարձնել հզոր և մարտական ազգ, որը կվերագտնի իր արժեքներն ու ինքնասիրությունը՝ ծնկի բերելով ցանկացած ներքին ու արտաքին թշնամու։

Հայաստանի ազգային իշխանությունը կասեր՝ ոչինչ էլ վերջացած չէ։ Արցախը վաղ թե ուշ մերն է լինելու, ընդամենը մեզ պետք է զինվել համբերությամբ, գոտիները ձգել և ուժեղանալ։ Մենք գուցե պարտվել ենք ճակատամարտում, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, և հաղթում է ոչ թե զենքը, այլ մարտական ոգին, ազգի ապագայի նպատակն ու ձգտումն ուղիղ մեջքով։

Հայաստանի ազգային ընդդիմությունը պետք է ասի՝ անկախ նրանից, թե ինչ դավադրություն է արել իշխանությունը թշնամու հետ գործարքով, մենք ունենք հայրենիք, պետություն և ազգ, որն ունակ է տեր կանգնել իր արժեքներին և ինքնությանը։ Մենք ունենք վտանգներ արտաքին թշնամու կողմից, բայց պիտի ամրապնդենք մեր բանակի հնարավորությունները, օգնենք մեր զորքին, որ կարողանա դիմակայել թշնամուն։ Այո, իշխանությունը քայքայում է բանակը, բայց մենք հո կարո՞ղ ենք բանակի համար հենարան լինել, օգնել ինչով կարող ենք։ Իշխանությունը հանձնել Արցախը է և խոստացել է հանձնել մեր մյուս հողերը։ Մենք կարող ենք ազատագրել Արցախը, եթե ունենանք ազգային ծրագիր, կարող ենք նաև նոր հանձնումները թույլ չտալ, եթե ազգային ծրագրի հետ ձևավորենք նաև միասնական ճակատ։ Երբ ընդդիմադիր գործիչները անձնական շահից ու եսի առաջմղումից ավելի կարևոր համարեն հայրենիքի շահը, կկարողանան միավորվել իրական ազգային ծրագրի շուրջ ու հաջողության հասնել ներքին ու հետևաբար նաև արտաքին թշնամու նկատմամբ։

Դա արդեն կլինի ոտքի հանող քարոզչություն, որը անպայման բերելու է մեծ հաղթանակների։ Ու ինչպես Գևորգ Էմինը կասեր «Սասունցիների պարը» հանճարեղ ստեղծագործության մեջ․ ․․․ և չի հաղթի ոչինչ այս հին ժողովրդին․․․»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
01:24, 19.07.2024
2256 | 0
դեպի վեր