ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Մահացել է Լալա Մնացականյանը
09:06, 22.06.2024 | mamul.am
28673 | 0

Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

***

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Լալա Մնացականյանը սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։
Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։
1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր