ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+34 °C
Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայելու պայմանները
11:24, 25.06.2024 | mamul.am
1263 | 0

Գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինի ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման: Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է հունիսի 25-ի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով գործող օրենսդրությամբ զինծառայողն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Օրենքի վերոնշյալ դրույթը, ըստ փոխնախարարի, չի տարածվում «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչված զինծառայողների վրա: Ուստի, փոփոխությամբ նախատեսվում է դրույթը կիրառելի դարձնել «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչված զինծառայողների վրա ևս:

Առաջարկվում է հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն ընձեռել նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաներին:

Օրենքների նախագծերի փաթեթով հստակեցվում են նաև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր