Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, եթե անորոշ ժամանակով ձգձգի մարտերը, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW): «Պուտինը, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ Ռուսաստանը կարող է անվերջ երկարեցնել պատերազմը և հաղթել քայքայման պատերազմում, եթե կարողանա ապահովել, որ Ուկրաինային զրկեն միջազգային ուժեղ աջակցությունից»,- ասվում է զեկույցում: Վերլուծաբաններն ասում են, որ 2023 թվականի վերջից ի վեր Ռուսաստանի դանդաղ, բայց կայուն ձեռքբերումները ռազմի դաշտում հաստատում են Պուտինի գնահատականը և խրախուսում են նրան` խուսափել ցանկացած իրական հրադադարից, որը կարող է վերջ տալ պատերազմին: ISW-ն նաև կարծում է, որ պատերազմի սառեցումը ներկայիս սահմանազատման գծի երկայնքով Ռուսաստանին կտրամադրի ռազմավարական և գործառնական առումով կարևոր ուկրաինական տարածք, որտեղից Մոսկվան կարող է վերսկսել ագրեսիան՝ օգտագործելով փորձառու բանակը և վերականգնված պաշտպանական արդյունաբերական բազան: «ISW-ը շարունակում է կարծել, որ Ուկրաինայում ներկայիս մակարդակով հրադադարը դժվար թե կանգնեցնի ռուսական հետագա ագրեսիան և Ռուսաստանին միայն կրիտիկական ժամանակ կտրամադրի իր ուժը վերականգնելու և Ուկրաինայի դեմ ապագա ագրեսիային պատրաստվելու համար»,- ընդգծել է ինստիտուտը: Ի թիվս այլ բաների, Մոսկվան ինտենսիվ տեղեկատվական արշավ է անցկացնում, որի նպատակն է` դրդել Ուկրաինային` բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ ռուսական պայմաններով։ Սա, իր հերթին, միայն կթուլացնի ուկրաինական պետությունը։ «Ռուսաստանի, արևմտյան կամ այլ փորձ՝ Ուկրաինային Ռուսաստանի հետ վաղաժամ բանակցությունների մղելու համար, միայն կթուլացնի Ուկրաինան և կխրախուսի ռուսական հետագա ագրեսիան Ուկրաինայի ներսում և դրսում»,- ավելացրել է ISW-ն: Վերլուծաբանները գնահատել են են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրադադարի խնդրանքը, որը նա հնչեցրել է Կիև կատարած իր չհայտարարված այցի ժամանակ։ Փորձագետները եզրակացրել են, որ խնդրանքի կատարումը կարող է հանգեցնել Կրեմլի ավելի լայն ռազմավարական ուղերձին աջակցելուն։ Մասնավորապես, այն նպատակ ունի ստեղծելու Ռուսաստանի Դաշնության ցանկալի օպերատիվ դադար կամ համոզելու միջազգային գործընկերներին` հրաժարվել Ուկրաինայից: |