Հնարավորինս ուշադիր կհետևենք Վաշինգթոնում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Հնարավորինս ուշադիր կհետևենք։ Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն այն դաշինքն է, որը Ռուսաստանին համարում է թշնամի, հակառակորդ։ Սա այն դաշինքն է, որը քանիցս հայտարարել է իր նպատակի մասին, այն է՝ Ռուսաստանին ռազմի դաշտում ռազմավարական պարտության հասցնելը։ Սա այն դաշինքն է, որն անմիջականորեն Ուկրաինայի կողմից մասնակցում է հակամարտությանը։ Ուստի առավել ուշադիր կհետևենք այդ բանակցությունների ժամանակ հռետորաբանությանն ու որոշումներին»,- ասել է Պեսկովը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգթոնում՝ հուլիսի 9-11-ը։ |