«Բաքվում պահվող գերիները չեն ունեցել փաստաբան և օգտվել են Ադրբեջանի հանրային պաշտպանի ծառայությունից»,-այսօր Մեդիա կենտրոնում «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով ասուլիսի ժամանակ ասել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ «Վերադարձված, հայրենադարձված գերիների հետ հարցազրույցներում մենք լսել ենք, որ որևէ պաշտպանություն չի իրականացվել, փաստաբանները ձևական են ներկա գտնվում: Թարգմանության խնդիր է եղել, որոշ դեպքերում անգամ թարգմանիչը ապակեպատ տարածքից դուրս է եղել ու չի լսվել թարգմանությունը, որոշ դեպքերում թարգմանությունը եղել է անորակ, չի հասկացվել՝ ինչ է ասում»,-ասաց նա՝ կանխատեսելով, որ նույն վիճակն է լինելու նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների ժամանակ: «Ադրբեջանը հայ ռազմագերիներին տարբեր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչության կազմակերպման, ահաբեկչության ֆինանսավորման, ընդհուպ՝ ագրեսիվ պատերազմ վարելու։ Վերջին մեղադրանքն առաջադրվել է Արայիկ Հարությունյանին ու Դավիթ Բաբայանին։ Ռուբեն Վարդանյանին կա մեղադրանք նաև ապօրինի սահման հատելու մասով, ասում են, թե՝ ՀՀ քաղաքացի են, հայտնվել են Ադրբեջանում առանց թույլտվության»,-ասաց նա։
|