Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը «լրջորեն մտահոգված է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմամբ, ինչպես նաև` Ուկրաինայում ցանկալի արդյունքների բացակայությամբ»: Այս մասին նա լրագրողներին ասել է ԱՄՆ-ից վերադառնալու ճանապարհին` ինքնաթիռում։ «Մենք բախվել ենք մի աշխարհակարգի, որտեղ գերիշխում են հզորները: Օրինակ, Ռուսաստանը համերաշխ է Չինաստանի հետ։ Իսկ դա լրջորեն անհանգստացնում է Արևմուտքին։ Նա Ուկրաինային ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում՝ թե՛ ֆինանսական, թե՛ նյութական, այդ թվում՝ զենք ու զինամթերք։ Չնայած այս ամբողջ օգնությանը, արևմտյան երկրներն Ուկրաինայում դեռ չեն հասել այն արդյունքներին, որոնք ակնկալում էին։ Նրանց համար երաշխիքն ու հանգստությունն այն է, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի` որպես մեծ ուժ, որի առաջնագծում ԱՄՆ-ն է: Այն դառնում է ավելի ուժեղ, բայց, չնայած իր հզորությանը, անկարող է հասնել ցանկալի արդյունքների՝ մրցակցելով աշխարհի մյուս տերությունների հետ»,- հավելել է Էրդողանը։ Նա նշել է, որ «Թուրքիայի դիրքորոշումն այս համատեքստում տարբեր է»։ «Մենք կապ ենք պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Միաժամանակ մենք ձգտում ենք լինել հնարավորինս արդար։ Մեր այս դիրքորոշումը ժամանակ առ ժամանակ կարող է անհանգստացնել թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային։ Բայց մենք կրկնում ենք, որ այս երկու երկրներն էլ մեր հարևաններն են, որոնց հետ մենք պատմական լուրջ հարաբերություններ ունենք»,- եզրափակել է Էրդողանը: |