Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Քոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։ Քոնգրեսականների կողմից ներկայացված դրույթներում առաջարկվում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, արգելում են ամերիկյան ռազմական արտադրանքի թույլտվությունների տրամադրումն Ադրբեջանին և նախատեսում են հետաքննություն՝ պարզելու պատժամիջոցներից խուսափելու ադրբեջանական քաղաքականության էությունը: Օրենսդրական առաջարկները ներառում են նաև միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության բարձրացմանն ուղղված ամերիկյան աջակցության ձևավորմանը՝ ներառյալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը ամերիկյան աջակցությունը: |