Հայտնել էինք, որ հուլիսի 16-ին Շիրակի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա: 5 տուժած, այդ թվում՝ 4 տարեկան երեխա, տեղափոխվել էին Գյումրի ԲԿ: Երեխան ավելի ուշ տեղափոխվել է Երևան։ «Երեխան գտնվում է բժշկական թիմի հսկողության տակ: Նաև նախարարությունից մասնագիտական այց է եղել, տեսակցել են երեխային»,- նշեցին հիվանդանոցից: Ո՞ւմ շունն է եղել հարձակվողը, ու ովքե՞ր են տուժել: Մեզ հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասաց՝ հայտնի չէ: Հրապարակումները, թե շունը տուժածների հարևաններինն է, սուտ է: Ավելին՝ տուժածները ոչ թե նույն ընտանիքի անդամներն են, այլ՝ տարբեր: Դեպքը տեղի է ունեցել գյուղի առվի մոտ: «Արձակ շուն է եղել, մայրն ու երեխան առվի կողքով բարեկամի տուն գնալիս են եղել, էդ պահին հարձակվել է վրաները: Հարձակվել է երեխայի վրա, ձայներից կողքի ապրողները եկել են օգնության, իրենց էլ է գզել: Էդ երեխայի տունն ու օգնության հասածների տները 2 կմ իրարից հեռու են, բարեկամի տունն է եղել էդ տարածքում»,- մանրամասնեց Սահակյանը: Հարձակման դեպքից հետո շունը վնասազերծվել, քնեցվել է. «Տարել ենք, մի անասնագոմի նման բան կար, հացուջուր գցենք լուսամուտից, մինչև տեսնինք՝ ինչ կեղնի»,-գրում է լրատվականը։ Վարչական ղեկավարը հայտնել է, որ թափառող շների խնդիրը կարգավորել չի հաջողվում․ «Պետք է գային, հավաքեին տանեին, էնպես չէ, որ վայրիվերո վիճակ է, ուղղակի մարդիկ կան՝ իրենց դռներից կբրախեն շներին գյուղի մեջ, որ ուզենանք էդ շներին լիկվիդացնենք, մեկ էլ տեսար՝ տերը կհայտնվի: Էդ վիճակն է: Շները անտեր ու դուրս, մեկը մե տեղմ ձագ է հանե, մեկը՝ ուրիշ տեղ, ու բազմացել են»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ հուլիսի 16-ի դեպքը եզակի է, նման բան գյուղում դեռ չէր եղել»,-ասել է նա:
|