Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ իրենց տվյալով, Իրանը մոտ երկու շաբաթից կունենա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները դեռ ամիսներ առաջ են հայտարարել, տարբեր առիթներով, որ իրենց հաշվարկով Իրանին շաբաթներ են բաժանում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունից: Հիմա Բլինքենն ասում է Իրանը այդպիսի հնարավորություն կունենա երկու շաբաթից: Հասկանալի է, որ Վաշինգտոնը օբյեկտիվորեն կարող է չտիրապետել այդ առնչությամբ ստույգ ժամկետների, հետևաբար թույլ տալ շաբաթների սխալ: Բայց, պետքարտուղարի մակարդակով հայտարարվում է առաջին անգամ, և դա, ընդ որում, ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի համար նախընտրական բարդ շրջանում: Տեսականում կարող ենք դիտարկել հետևյալ մտքի խաղարկում, որ Իրանը դառնում է միջուկային տերություն, որովհետև Տրամպը 2017 թվականին ստանձնելով նախագահի պաշտոնը տապալել է միջուկային գործարքը, ինչը Իրանին վերահսկելու լավագույն միջոցն էր, որ Օբամայի վարչակազմի ձեռքբերումն էր: Բայց, արդյո՞ք այսօր այդ մտքի խաղարկումը կարող է ինչ-որ էական վնաս պատճառել Տրամպին: Կասկածում եմ խիստ: Հետևաբար, առավել հավանական է այն, որ պարզապես «հանրային կարծիք» է պատրաստվում Իրանի միջուկային տերություն դառնալու առնչությամբ: Եթե իհարկե չդիտարկենք այն, որ Բլինքենը պարզապես մտացածին բաներ է խոսում, ինչը անկեղծ ասած բարդ է պատկերացնել: Խոսի այսպես, որ ի՞նչ անի: Միևնույն ժամանակ, եթե Իրանին մնացել է երկու շաբաթ, հետո՞, ուրեմն ի՞նչ՝ հարց է առաջանում Բլինքենի հայտարարությունից հետո: Եթե այդ հայտարարության իրերը դիտարկենք այնպես, ինչպես շարադրված են, ապա դա այլ բան չէ, քան այն, որ Բլինքենը ազդարարում է Իրանի միջուկային տերություն լինելու մասին: Ի դեպ, այդ առիթով գուցե հիշեցնեմ օրեր առաջ արածս գրառումը, այն կապակցությամբ, թե մեծ հարց է՝ Տրամպը միջուկային գործարքը չեղարկելով, իրականում վնասե՞ց Իրանին, թե՞ օգնեց»։ |