Օրերս ՔՊ-ական մի պատգամավոր վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով գտնվում է Բաքվի բանտում, այնպիսի տեղեկություններ ունի, որ եթե փոխանցի Ադրբեջանին՝ ՀՀ-ի համար վտանգավոր կլինի։ Լրագրողի այս դիտարկմանը 24-ի եթերում պատասխանեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը․ «Բաբայանը բացառիկ անձ էր, նա միակն էր, որ մշտապես ասել է, որ ՀՀ իշխանությունները որևէ կապ չունեն Արցախի իշխանությունների հետ, այդ կապն ու առնչությունը երկու անձերի մեջ է եղել՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի։ Բաբայանը բազմիցս ասել է, որ պատերազմից անմիջապես հետո, նույնիսկ դրան հաջորդող ժամանակահատվածում, բազմաթիվ անգամներ փորձել է կապ հաստատել ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ, ով ընդհանրապես որևէ կոնտակտի չի գնացել։ Ես առաջարկում եմ Միրզոյանին փորփրել հեռախոսը և գտնել բաց թողնված նամակները։ Բաբայանը բազմաթիվ անգամ ասել է, որ փորձում է կապ հաստատել՝ ճշտելու, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, բայց, իր ասելով, ոչ մի անգամ չի հաջողվել խոսել Միրզոյանի հետ։ Արցախի պաշտոնյաները, եթե անգամ կարողացել են էստեղ որևէ մեկի հետ կապ հաստատել, դա եղել է միայն անձնական կապերի միջոցով»,-ասել է Հակոբյանը։ |