ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քաղաքական պատասխան տալու համար պետք է քաղաքական մտածողությամբ կառավարություն»․ Բադալյան
01:36, 23.07.2024 | mamul.am
1366 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Օկուպացված Շուշիում միջազգային մեդիաֆորումի մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է այնքան բաներ, որոնց եթե Հայաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները որոշեին պատասխանել, գուցե չբավականացներ մի ամբողջ նստաշրջան:

Բայց, լռություն է: Դե, ելույթ ունեցողը Զախարովան հո չի եղել՝ եղել է Ալիևը:

Հարցը բոլորովին այն չէ, որ Զախարովային կամ որևէ մեկին պետք չէ պատասխանել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Բայց, նախ պետք է պատասխանել ըստ էության, այլ ոչ թե լեզվակռվի կամ տղայական տրամաբանության մեջ, որովհետև միջազգային հարաբերություններում ըստ էությանն է գնահատվում, ոչ թե «ըստ տղությանը»:

Եվ գլխավորը՝ առաջին հերթին պետք է պատասխանել այն պետության պաշտոնյային, առավել ևս նախագահին, որն իր ելույթի ընթացքում օգտագործում է արտահայտություններ, որոնք այլ բան չեն, քան պարզապես ակնառու հավակնություն մեր պետության տարածքային ամբողջության եւ իրավա-քաղաքական հիմքի, ինքնության հանդեպ:

Եվ դարձյալ, պետք է պատասխանել ըստ էության, առանց լեզվակռվի, պարզապես փաստարկված իրավա-քաղաքական լեզվով, որովհետև մեր պատասխանը առաջին հերթին պետք է ուղղված լինի միջազգային դերակատարներին: Որովհետեւ Ալիևն էլ, ըստ էության մեզ չի հասցեագրում իր հայտարարությունները, այլ միջազգային դերակատարներին:

Բայց, այդ ամենին քաղաքական պատասխան տալու համար պետք է քաղաքական մտածողությամբ և ինքնությամբ խորհրդարան և կառավարություն, որի տարերքը քաղաքական տեքստերի «արտադրությունն» է, այլ ոչ թե «նախկին-ներկա» տարերային վեճերի խանդավառ վերարտադրությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր