Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունեցել Քոնգրեսում՝ կոչ անելով գլոբալ դաշինք ստեղծել Իրանի դեմ և քննադատելով Վաշինգթոնում պաղեստինցի ակտիվիստներին, որոնք բողոքում են Գազայի պատերազմի դեմ։ «Երբ մենք պայքարում ենք Իրանի դեմ, մենք պայքարում ենք ԱՄՆ-ի ամենաարմատական և արյունարբու թշնամու դեմ»,- ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ասել է Նեթանյահուն։ «Մեր պայքարը նաև ձեր պայքարն է, և մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը։ Բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է միանան այդ դաշինքին։ Իրանը ֆինանսավորում է ԱՄՆ-ում բողոքի ակցիաները»,- ասել է Նեթանյահուն, մինչդեռ այդ պահին պաղեստինամետ ակցիա էր ընթանում Կապիտոլիումի շենքի դիմաց։ Նեթանյահուն հերքել է Իսրայելի հասցեին հնչող քննադատություններն ու Գազայի պատերազմը ներկայացրել որպես իր երկրի գոյատևման պայքար՝ պահանջելով արագացնել ԱՄՆ-ից ռազմական օգնության տրամադրման գործընթացը: Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ մի քանի բուռն ծափահարություններ են հնչել, մինչդեռ դահլիճում ներկա չեն եղել առնվազն 39 օրենսդիրներ, գրեթե բոլորը՝ դեմոկրատներ: Նրանց թվում է Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ով հայտարարել է, որ Նեթանյահուի այցն անտեղի է։ Ինչպես նշում է BBC-ն, Նեթանյահուն իր ելույթում գրեթե չի հիշատակել Գազայում պահվող պատանդներին հրադադարի դիմաց ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ |