ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, թե ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։ Թեմայի վերաբերյալ գործակալությունը հավելյալ պարզաբանում էր խնդրել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, որտեղից նշել էին, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում։
|