ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Սկանդալային մտքերով «հայտնի» Զարիֆը նշանակվել է ռազմավարական հարցերով փոխնախագահ»․ Հակոբ Բադալյան
17:06, 02.08.2024 | mamul.am
2603 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը իր ռազմավարական հարցերի օգնական է նշանակել Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Զարիֆին: Զարիֆի անունը հիշատակելիս առաջինն իհարկե մտաբերում ենք սկանդալային ձայնագրությունը, որ հրապարակվեց 2021 թվականի ապրիլին: Լոնդոնում հեռարձակվող, օրերս հայ-իրանական ռազմական գործարքի վերաբերյալ ապատեղեկատվությամբ մեզ համար առավել հայտնի դարձած Iran International հեռուստաալիքը «բաց թողեց» Զարիֆի զրույցը, որտեղ Իրանի այդ ժամանակ դեռևս արտգործնախարար Զարիֆը անում էր իսկապես ոչ դիվանագիտական մի շարք հայտարարություններ:

Օրինակ, նա ասում է, որ Սերգեյ Լավրովը փորձել է արգելակել Իրանի Միջուկային գործարքը: Հայ հանրության ուշադրությունը զգալիորեն բեվեռվել էր այդ հանգամանքի վրա, բայց Զարիֆի հայտարարությունների առավել ծանրակշիռ և ուշագրավ մասը նրա դժգոհությունն էր Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսից, նաև 2020 թվականին սպանված գեներալ Սուլեյմանիի գործունեությունից:

Զարիֆն այդ առնչությամբ հայտարարել էր, որ իրանալեզու հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցը չի եղել ձայնագրության համար, այլ պարզապես եղել է փակ խոսակցություն: Հետևաբար հարց էր առաջանում, թե ու՞մ է պետք եղել հանել այդ խոսակցությունը, ընդ որում Իրանի 2021 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ: Սակայն, հատկանշական է եղել և այն, որ այդ շրջանում քննարկվում էր Իրանի եւ Վեցյակի միջուկային գործարքը վերականգնելու հարցը:

Այդպես էլ սակայն պարզ չդարձավ, թե ո՞վ էր եղել փակ խոսակցության ձայնագրության հանրայնացման «հեղինակը»: Իհարկե դա պարզ չդարձավ հանրության համար, քանի որ Իրանի կառավարող համակարգի դերակատարների և միջազգային դերակատարների համար այդ հանգամանքին տեղեկանալը թերևս բարդություն չէր:

Այժմ սկանդալային մտքերով «հայտնի» Զարիֆին Մասուդ Փեզեշկիանը նշանակում է ռազմավարական հարցերով փոխնախագահ:

Այդ նշանակումը իհարկե թերևս շատ ավելի բազմաշերտ կոմբինացիա է, քան հնարավոր է դատել առկա տեղեկատվության հիման վրա արվելիք եզրակացություններից:

Փեզեշկիանն այդ նշանակումով մի կողմից իր համար «հենակետ» է ստեղծում Իրանի շուրջ բարդ ռեգիոնալ միջավայրում արեւմտյան դերակատարների հետ հարաբերվելու համար: Մյուս կողմից թվում է, որ Զարիֆի նշանակումը նրա դեմ է տրամադրելու Իրանի այսպես ԻՀՊԿ թեւին: Այստեղ սակայն ըստ ամենայնի բալանսի վրա կառուցված խաղ է փորձում կազմակերպել Գերագույն հոգևոր առաջնորդը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր