Եվրամիությունը ողջունել է երեկ Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակումը։ «Հոգու մեծ թեթևությամբ Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի և Բելառուսի կողմից մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիների ազատ արձակումը, որն իրականացվել է Թուրքիայի օժանդակությամբ։ Ազատ արձակված ակտիվիստները, իրավապաշտպաններն ու լրագրողները քաղաքական դրդապատճառներով անարդարացիորեն հետապնդվել ու բանտարկվել էին ռուսական և բելառուսական ռեժիմների կողմից և պահվել անտանելի պայմաններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ քաղբանտարկյալները, ռուսական և բելառուսական բանտերում անարդարացիորեն պահվող բոլոր անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Բանտարկյալների փոխանակումը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ X-ի իր էջում գրելով․ «Ես ողջունում եմ ԵՄ-ից և ԱՄՆ-ից անմեղ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ուղղամիտ ռուս դեմոկրատներին: Կրեմլը նրանց փոխանակել է դատապարտված հանցագործների և մարդասպանների հետ։ Սա կտրուկ տարբերությունն է ընդգծում: Սա մեծ ուրախության պահ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարել են իրենց ազատության համար»։ |