ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Ադրբեջանի ախորժակը նոր-նոր է բացվում»․ Տաթևիկ Հայրապետյան
13:18, 02.08.2024 | mamul.am
3445 | 1

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ մի ուշագրավ հոդված էր հրապարակվել ադրբեջանական քարոզչական կայքերից մեկում, որտեղ բառացի գրված էր․ «Պնդել, որ Թուրքիան կամ որևէ այլ երկիր ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատագրելու հարցում քաղաքական և բարոյական աջակցությունից զատ, այլ դեր են խաղացել, սկզբունքորեն սխալ է: Սա կա՛մ միտումնավոր, կա՛մ անգիտակցաբար խոսելու նյութ է տալիս մեր ընդհանուր թշնամուն՝ աշխարհասփյուռ հայությանը»։

Հետո նույն հոդվածում նշված է․ «Իլհամ Ալիևի հաղթական հրամանատարությամբ վերջ է դրվում հայկական անջատողականությանը, ողջ թյուրքական աշխարհը վստահ է համաշխարհային հայության պարտության մեջ, որը թիրախ է դարձնում ողջ թյուրքական աշխարհը: Այսպիսով, հաղթանակ են տարել ոչ միայն Ադրբեջանը, այլև բարեկամ, եղբայրական և դաշնակից թյուրքական պետությունները։ Թուրքիան նրանց շարքում է․․․»։

Այստեղ երկու ուշագրավ դրվագ կա։ Նախ, կրկին շարունակում են ժխտել Էրդողանի այն հայտարարությունը, որ թուրքական բանակը ուղիղ ներգրավված է եղել Արցախի դեմ սանձազերձված ագրեսիայում։ Եվ երկրորդ, համայն հայությանը հռչակում են իրենց թշնամի։

Նորությո՞ւն է արդյոք սա։ Իհարկե, ոչ, բայց ցավալի իրողությունն այն է, որ ՀՀ քարոզչական մեքենան ամեն գնով փորձում է ստեղծել Ադրբեջանի մասին կեղծ պատկերացումներ՝ համոզելով, որ պատ շարելով ու միակողմանի զիջումներով բոլոր հարցերը կլուծվեն։ Հենց դրա համար էլ Հայաստանից ոչ մի պաշտոնյա չի արձագանքում Ալիևի՝ ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» կոչելու ու պատմությունը խեղելու ելույթներին, քանի որ պետք է ընդունեն, որ Ադրբեջանը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ախորժակը նոր-նոր է բացվում՝ ի հեճուկս իշխանական քարոզչաթեզերի․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր