Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը հավասարազոր է նոր պատերազմին, ՀՀ տարածքային կորուստներին, մարդկային կյանքերի խեղմանը և որպես վերջնարդյունք` Հայաստանի պետականության անկմանը։ Ու այստեղ բոլորովին կապ չունի հակառուսական կամ պրոարևմտյան հայացքների տարածումը։ Խնդիրը կոնկրետ խմբակի մեջ է, իսկ մնացածը` ինքնարդարացման ճղճիմ փորձեր։
Իսկ Փաշինյանի իշխանությունն ամուր է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության պարադիգման կառուցված է նախկին նախագահներին ուղղակի կամ միջնորդավորված միակ քաղաքական այլընտրանք հռչակել-դարձնելու վրա։
Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին որպես իշխանության հակառակ բևեռ հռչակելու ամենաիսկական շահառուն ո'չ թե նախկին նախագահներն են, այլ Նիկոլ Փաշինյանը։
2021 թվականին հայ ժողովրդի ընտրությունն, ի ցավ բոլորիս, ո'չ թե Հայաստանի ապագայի շուրջ էր, այլ միայն մեկ բանի` «ավելի լավ է Նիկոլը մնա, մենակ թե նախկինները հետ չգան»: Սա այլևս հնարավոր չէ փոխել, որովհետև արմատացել է հասարակայնության մեծ մասի մոտ։
Ի դեպ, Բագրատ սրբազանի կերպարն, ինչքան էլ անխոցելի էր, բայց իշխանական ամբողջ ագիտացիան կառուցված էր սրբազանին նախկինների հետ կապելու վրա, ինչը և ինչ որ իմաստով տվեց արդյունք։
Դե իսկ նախկին նախագահների միջև ներքին դիմակայության մասին էլ չխոսենք, ինչը ուղղակի անհնար է դարձնում միասնական տանդեմով իրական խնդիրներ լուծելը, այնպես որ, ինչքան շուտ նախկին նախագահները փակեն այս խոսույթը` իրենց իշխանության գալու շուրջ, այնքան շուտ Փաշինյանը կկորցնի իր հենարանը»։