ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Նույնն է, թե ասել՝ նապաստակը պետք է ուղիղ երկխոսի գայլի հետ»․ Հակոբ Բադալյան
15:30, 05.08.2024 | mamul.am
2033 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Տոյվո Կլարն ասում է․ «ԵՄ-ն շատ պարզ է այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ Ղարաբաղի հայերը կմասնակցեն կարգավորման գործընթացին, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին: Ադրբեջանն այս հարցում իսկապես պարտավորություն ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնել և համաձայնեցնել ներառական և փոխադարձ հարգալից երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, և, հետևաբար, այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս»:

Թվում է, որ լավ բան է ասում, ականջահաճո բան: Բայց միայն նրանց համար, ովքեր քաղաքականությունը «սիրում են ականջներով», որովհետև «մտածելով սիրելու» պարագայում նվազագույնը, որ հնարավոր է ասել Կլարին, այն է, ինչ հայտնի ֆիլմի իտալացի հերոսներից մեկն ասում էր մյուս իտալացուն՝ իր փեսատյին «Ջուզեպպե, կորիր գիտե՞ս ուր…»:

Հիանալի գտնվել է ձևը՝ Ղարաբաղի հայերը պետք է ուղիղ խոսեն Ադրբեջանի հետ: Դա մոտավորապես նման է հետևյալին՝ նապաստակը պետք է ուղիղ երկխոսի գայլի հետ, որ կարգավորի նրա հետ իր հարաբերությունը:

Եվրաչինովնիկն ու մյուս եվրաչինովնիկները հիանալի գիտեն, որ այդ արտահայտություններից հետո Հայաստանում բարձրանում է մի աղմուկ՝ «Եվրոպան այդքան ասաց գնացեք ու նստեք խոսեք Բաքվի հետ, իսկ ղարաբաղցիները չգնացին, ու արժանացան այս ճակատագրին»:

Սա իհարկե հիանալի քարոզչական նենգափոխում է, որովհետև, երբ հարց է տրվում, թե՝ իսկ դուք գիտե՞ք ինչի մասին էր բանակցելու Բաքուն, ի՞նչ պայման էր դնում Բաքուն այդ բանակցության համար, գործնականում չկա առարկայական պատասխան, կա ստանդարտ ձևակերպում, որ բանակցելը առնվազն թույլ կտար ինչ որ ժամանակ շահել կամ նման մի բան:

Իհարկե, երբ մարդը ասի, որ Բաքվի պայմանները ընդունելը գոնե թույլ կտար խուսափել զոհերից, սա իհարկե կլինի միանգամայն հասկանալի պարզաբանում: Ընդունելի՞, թե՞ ոչ: Այն, որ պետք է անել ամեն ինչ՝ զոհերից խուսափելու համար, անկասկած է: Մարդկային կյանքը գերագույն արժեք է:

Բայց, երբ պետությունները առաջնորդվում են գերազանցապես մարդկային կյանք փրկելու տրամաբանությամբ, նրանք չեն կարող բախվել այլ իրավիճակի, քան այդ մարդկային կյանքի առնչությամբ իրենց հանդեպ շանտաժի քաղաքականությունն է:

Այո, գուցե շատերը կասեն, որ հեշտ է խոսել, երբ զոհվողը դու չես, բայց կա պարզ ճշմարտություն՝ եթե որևէ սուբյեկտ քաղաքականության մեջ պատրաստ է մարդկային կյանք զոհելուն, հանուն իր շահերի, նա չի կարող արժանանալ սուբյեկտային ընկալման, նրան միշտ դիտարկելու են որպես մանրադրամ:

Իմ գնահատմամբ, Արցախում պարզապես փորձել են պահել սուբյեկտություն, այդ իսկ պատճառով, երբեք չհրաժարվելով Ադրբեջանի հետ խոսելուց՝ նենգափոխում է, թե հրաժարվել են ու չեն խոսել, այդուհանդերձ չեն ուզել, որ խոսեն ցանկացած պայման ընդունելով:

Հետին թվով հեշտ է իհարկե գնահատել ու ասել, թե՝ տեսա՞ք ինչ եղավ: Ի դեպ, այդ կերպ ասողները չգիտես ինչու նույն բանը չեն ասում Հայաստանի իշխանության հասցեին՝ մինչեւ 2020 թվականի պատերազմը ունեցած քաղաքականության համար: Եվ, դարձյալ ի դեպ՝ ես կարծում եմ, որ դա առավել համարժեք վարքագիծ է, քան այն, ինչ ասում են 2023-ի վերաբերյալ Արցախի իշխանության հասցեին: Բայց, երբ կա տվյալ պահի գործընթաց, կան տվյալ պահին ոչ միայն երկու հակամարտող կողմ, այլ հակամարտության վրա աշխարհաքաղաքական շահեր կառուցող գերտերություններ, ուժային կենտրոններ, շատ բարդ է ասել, թե այդտեղ որն է ստույգ և անվրեպ հաշվարկը, իսկ որը՝ ոչ:

Փոխարենն իհարկե շատ հեշտ է ամեն ինչ բերել հերոսի կամ դավաճանի, «ինքնիշխանի» կամ «գործակալի», ու օրերով, տարիներով, տասնամյակներով ու հարյուրամյակներով թաղել քաղաքական միտքը երկու ծայրահեղությունների այդ ճահճում:
Կլաարը հիանալի գիտե, որ ընդամենը առաջարկում է նապաստակկին գայլի հետ քննարկել իրեն խժռելու, այլ ոչ թե իր հետ ապրելու պայմանները: Հակառակ պարագայում, եթե Եվրամիությունը ունենար այդպիսի «տեսլական», բանը չէր հանգեցնի «ուղիղ խոսելուն», շատ լավ իմանալով, որ «ուղիղ խոսում» են հավասարազոր սուբյեկտները, այլապես խոսակցության բովանդակությունն ու հետևանքը «ուղիղ համեմատական» են լինելու կողմերի միջեւ ուժային բալանսին:

Բայց, մեծ հաշվով դա քիչ է հետաքրքրում Եվրամիությանը՝ թե ինչպիսի «բալանսով» կարող է լինել «լուծումը» և Կովկասում իրավիճակի փոփոխությունը, կամ ինչպիսի մեթոդով՝ Ադրբեջանի պայմաններին անվերապահ համաձայնելո՞վ, թե՞ «ուղիղ խոսակցության» անկյուն մղվելու հետեւանքով ստեղծված փակուղով և ուժային գործողությամբ: Կարևոր, որը պատասխանատվությունը «ուղիղ» մնա «խոսող» կամ «խոսելուց հրաժարվող» կողմի վրա»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր