Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ամիս առաջ Բանգլադեշի ավտորիտար իշխանությունը որոշեց պետական պաշտոնների քվոտա սահմանել և դրա մի որոշ հատվածը հատկացնել Բանգլադեշի անկախության համար մարտնչածների ազգականներին, իսկ իրականության մեջ իր իշխանության սատարող խմբերին:
Բանգլադեշում շուրջ 173 միլիոն մարդ կա, որոնցից շուրջ 28 տոկոսը 15-30 տարեկան միջակայքում են, և դրանց մի ահռելի մասը գործազուրկ են: Սա է պատճառը, որ այս որոշումը երիտասարդների ցասումն է առաջացնում և դառնում պատճառ, որ ուսանողները խաղաղ անհնազանդության գործողություններ սկսեն:
Հաջորդիվ ավտորիտար վարչապետի (որն ի դեպ տիկին է ու, որ իշխանության էր եկել որպես ժողովրդավարության ռահվիրա) հրահանգով ցուցարար ուսանողներին բիրտ ուժով ջարդում են: Սկսվում են բախումներ շուրջ հարյուր ուսանող և տասնյակից ավել ոստիկան սպանվում են:
Իշխանությունը անջատում է ինտերնետը, պարետային ժամ հայտարարում: Սակայն ուսանողները շարունակում են ընդվզել:
Գերագույն դատարանը կասեցնում է իշխանության որոշումը, բայց արդեն ուշ էր, ուսանողներն այլևս իշխանության հրաժարական էին պահանջում:
Տիկին վարչապետը որոշում է բանակային ուժերին մեջտեղ բերել: Բայց սա էլ ուսանողներին չի կանգնեցնում, նրանք ավելի մեծ թվով են սկսում մասնակցել բողոքի ցույցերին: Իշխանությունը սկսում է ներսից ճաքեր տալ, ու օրեր առաջ ոստիկաններն ու բանակայինները սկսում են այլևս չդիմադրել:
Երեկ տիկին վարչապետը հրաժարական տվեց և փախավ երկրից, բայց Բանգլադեշը դեռ երկար վատ վիճակում կմնա, քանի որ չկա որակյալ ընդդիմություն՝ որպես հետևանք այս տիկնոջ շարունակական ավտորիտար կառավարման և ընդդիմադիր ուժերի և անձանց ճնշումների:
Ցանկացած ավտորիտար կառավարում այս նույն ավարտն է ունենում: Ուզենք, թե ոչ, Հայաստանն այս ճամփան է առել, ցավալի է, բայց մեզ դեռ շատ ձախողումներ ու դժվար ժամանակներ են սպասվում»: