Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է․ «2021թ․ հունվարի 23-ին Ա․Ա-ն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում ստացել է բեկորային վիրավորում։ Նույն օրը Ա․Ա-ն հոսպիտալացվել է, ստացած բեկորային վնասվածքների պատճառով ստորին վերջույթները անդամահատվել են։ 2021թ-ի փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ա․Ա-ն ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվել է։ Մայիսի 16-ին Ա․Ա-ն Միասնական սոցիալական ծառայության կողմից ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության, բայց չի ճանաչվել հաշմանդամ։ ՀՔԱՎ գրասենյակը /կազմակերպության նախկին փաստաբան Հայկ Հակոբյան/ ստանձնել է Ա․Ա-ի իրավունքների պաշտպանությունը։ 2022թ-ի հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ պարտավորեցնելու Միասնական սոցիալական ծառայությանը Ա․Ա-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանել։ Վարչական դատարանի 2023թ․ դեկտեմբերի 21-ի որոշմամբ Կազմակերպության հայցը բավարարվել է։ 2023թ-ի հունվարի 13-ին Միասնական սոցիալական ծառայությունը բողոքարկել է կայացված վճիռը։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշել է ՄՍԾ-ի բողոքը մերժել։ ՀՔԱՎ գրասենյակը շարունակել է Ա․Ա-ի իրավունքների պաշտպանությունը։ ՄՍԾ-ն, չհամաձայնվելով ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանի որոշման հետ, 2023թ-ի նոյեմբերի 29-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ վարչական դատարան։ 2024թ-ի մարտի 1-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշում է կայացրել՝ մերժելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բողոքի ընդունումը։ Ավելի քան երեք տարվա պայքարից հետո Ա․Ա-ի իրավունքները վերականգնվել են։ Միասնական սոցիալական ծառայությունը Ա․Ա-ին 2024թ․ հունիսի 7-ին սահմանել է անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամություն»։ |