ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել օգոստոսի 4–ին Փոքր Վեդիի գարեջրատանը տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում սպանության փորձ էր տեղի ունեցել: Նշվում է, որ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32-ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32-ամյա տղամարդու ծանոթների միջև։ Վիճաբանության ընթացքում 26-ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիչ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32-ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26-ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից: Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։ |