«ՆԳՆ-ն լավ կլիներ հրապարակեր տուժող ճանաչված պարեկային ծառայողի տեսաձայնագրությունը լրիվությամբ»,-«Մեդիա կենտրոն»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է լրագրող Ռոման Երիցյանը՝ փաստելով, որ եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ «Վկայի տեսաձայնագրող սարքի տեսանյութից երևում է, որ մյուս պարեկային ծառայողի տեսաձայնագրող սարքը միացված է, սակայն, անհասկանալի պայմաններում այդ տեսաձայնագրող սարքի առգրավելու քննիչի որոշման գրությանը պատասխան է ստացվում Ներքին գործերի նախարարությունից, որ տեսաձայնագրող սարքը ոչ մի բան չի արձանագրել՝ եղել է անջատված։ Ոստիկանության բաժանմունքում եղբորս առաջին հարկից երկրորդ հարկ բարձրացնելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է բռնություն՝ քարշելով աստիճանավանդակներով բարձրացրել են երկրորդ հարկ՝ պատճառելով մարմնական վնասներ՝ մեջքի հատավածում կապտուկներ, սալջարդեր։ Տեսաձայնագրող սարքը եղել է միացված վիճակում։ ՆԳՆ-ին կհորդորեի հրապարակել հենց այդ տեսաձայնագրող սարքի արձանագրությունը, այլ ոչ թե գաղտնի պահել։ Եթե իրոք եղբորս նկատմամբ բռնություն չի գործադրվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը լրիվությամբ»,- նշել է Երիցյանը։ |